«Փաստ»-ի հյուրն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը
– Ինչո՞վ էր պայմանավորված Օլեգ Եսայանին Բելառուսում ՀՀ դեսպան նշանակելը:
– Նախագահ Սարգսյանի հետ ունեցած անձնական լավ հարաբերություններով:
– Իսկ գուցե Մոսկվայում աշխատած տարիներին ձեռք բերած վաստակո՞վ:
– Ես հատուկ չեմ հետաքրքրվել Մոսկվայում նրա կատարած աշխատանքով, բայց շատ բողոքներ լսել եմ: Ես ճանաչում եմ Օլեգ Եսայանին: Լավ մարդ է: Բայց լավ մարդ լինելը մասնագիտություն չէ: Այստեղ մեկ այլ ցավալի հանգամանք եմ ուզում ընդգծել: Այն երիտասարդությունը, որն այսօր աշխատում է այդ համակարգում, տեսնում է, որ դեսպաններ են նշանակվում համակարգից դուրս մարդիկ: Եվ դա տեղի է ունենում նրանց հնարավորությունների հաշվին: Իսկ այն դիվանագետը, որը հույս չունի, որ կդառնա դեսպան, կոտրվում է, չի ցանկանում մնալ այդ համակարգում: Հետո պետք չէ այդ մարդկանց մեղադրել, թե դրսում լավ աշխատանք են գտնում և գնում են:
–Վերջիվերջո, մենք դիվանագետների դպրոց ստեղծեցինք, փորձեցինք պատրաստել կադրեր, բայց այսօր նրանց ներուժը չենք օգտագործում:
– Մենք երբեք լավ դիվանագետների պակաս չենք ունեցել, ու դա միայն այդ դպրոցով չէ պայմանավորված: Անկախության տարիներից ի վեր տարբեր երկրների դիվանագիտական դպրոցներից հրավերներ ենք ունեցել, մեր կադրերին ուղարկել ենք սովորելու: Ուստի ունենք մարդիկ, ովքեր այդ երկրները լավ գիտեն, լեզուներ գիտեն: Չէ՞ որ խնդիրը միայն այն չէ, որ եթե, ասենք, դեսպան ես Ռուսաստանում կամ Բելառուսում, ռուսերեն գիտես, ուրեմն կարող ես յոլա գնալ: Դու հանդիպում ես նաև այլ դեսպանների հետ: Վերջիվերջո, ինֆորմացիայի մեծ մասը դեսպան–դեսպան շփումներից է ստացվում: Հաճախ անգլերենի իմացություն է պետք, տարբեր գիտելիքներ են պետք: Մի խոսքով, երիտասարդներ են պետք: Մարդիկ, ովքեր 40, առավելագույնը` 50 տարեկան են: Պատահական չէ, որ «Դիվանագիտության մասին» օրենքով դեսպան նշանակվելու համար տարիքային սահմանափակում կա: Ակնհայտ է` որքան մարդը տարիքն առնում է, այնքան նրա աշխուժությունը, նպատակասլացությունը նվազում են:
– Այս պահին Բելառուսի հետ բավականին լարված հարաբերություններ ունենք: Օլեգ Եսայա՞նն էր այն մարդը, ով կարող է դրանք հարթել:
– ԱՊՀ երկրների բախտը չի բերում: Այն մտայնությունը կա, թե եթե տվյալ մարդը ռուսերեն գիտի, ուրեմն կարող է դեսպան նշանակվել: Ընդհանրապես չկա այն ըմբռնումը, որ դիվանագիտությունը նույնպիսի, եթե ոչ ավելի, բարդ մասնագիտություն է, որքան գաջ քսելը: Եղբայր, որպեսզի մեկին բերես սվաղ անելու, պետք է տեսնես` էդ մարդը սվաղ արե՞լ է, գաջ քսե՞լ է, էդ արածը ճաք տվե՞լ է, թե` ոչ, հետո որոշես: Գաջ քսողը իր քաշած գաջից է իմացվում: Դիվանագետը իր արած աշխատանքից է իմացվում: ԽՍՀՄ տարիներից մնացած վատ սովորություն է, երբ կուսակցական տարբեր ղեկավարների նշանակում են դեսպան: Թեպետ նման սովորություն կա նաև, օրինակ, ԱՄՆ–ում: Բայց մի կարևոր հանգամանք կա` և ԽՍՀՄ–ի, և ԱՄՆ–ի դեսպանատներում աշխատում է մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար մարդ: Այսինքն, դեսպանը կարող է լինել բարձրագույն ղեկավար: Մեր դեսպանատներն այդպիսին չեն: Մեր դեսպանատներում 2–3 դիվանագետ է աշխատում: Այսինքն, դեսպանը ինքը պետք է լինի ոչ թե ղեկավար, այլ աշխատող, գործող դիվանագետ:
– Առավել ևս, որ ինչպես ասում են, դիվանագետը սակրավորի նման է` մեկ անգամ է սխալվում:
– Այո, սակրավորի դեպքում միայն ինքն է տուժում, իսկ դեսպանի սխալվելուց մի ամբողջ երկիր կարող է տուժել: Նաև` դեսպանի աշխատանքի արդյունավետությունը դժվարշոշափելի է: Օրինակ, որքա՞ն են բաց թողնված հնարավորությունները: Լավ դեսպանի պարագայում, ասենք, հինգ հնարավորություն կօգտագործեիք, իսկ վատ դեսպանի պարագայում դրանք չեք օգտագործում, ավելին` չեք էլ իմանում դրանց` եղած և կորսված լինելու մասին: Քանի որ հստակ չափորոշիչ չկա` քանի հեկտար վարեց, քանի դետալ տաշեց կամ քանի գոլ խփեց, դա ավելի շատ հեռագնա արդյունքի հարց է, դեսպանի կատարած աշխատանքի ոչ դրականը, ոչ բացասականը այդքան էլ չեն երևում: Եթե, իհարկե, մեծ ձախողումներ չկան:
– Ա՞յդ հանգամանքից են օգտվում մեր իշխանությունները` նման տրամաբանությամբ դեսպաններ նշանակելով:
– Մեր իշխանությունը մարդկանց նշանակում է պաշտոնների, այդ թվում` դեսպանի, անձնական հավատարմության չափանիշով: Դա կապ չունի մասնագիտական պատրաստության հետ: Այս պահին կարող եմ առնվազն հինգ հոգու անուն տալ ԱԳՆ–ից, ովքեր փայլուն դիվանագետներ են և կարող են հրաշալի դեսպան լինել, այդ թվում` Բելառուսում: Բայց այդ տղերքին որպես թթվի քար դրել են մի կողմ: Նրանց ասում են` դուք աշխատեք, թող ուրիշներն արդյունքը վայելեն:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					