ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ կյանքի 82-րդ տարում, մարտի 26-ին մահացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը։
Լորենց Առուշանյանը ծնվել է Բաքվում: Գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի ամուսինն է:
Ավարտել է Բաքվի հայկական միջնակարգ դպրոցը: 1953-57թթ սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վավիկ Վարդանյանի արվեստանոցում: 1957-62թթ աշխատել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն), 1962-64թթ` Երեւանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 1964թ-ից աշխատել է Երեւանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ կերտել է բազմաթիվ դերեր:
Խաղացած ներկայացումներից են` Ֆ.Դոստոեւսկու «Ապուշը» (Միշկին), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Վանահայր), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Կասիո), Ժ.Հարությունյանի «Խաչմերուկ» (Ադամյան), «Ղազարը գնում է պատերազմ» (Վասիկ), Ա.Չեխովի «Բալի այգի» (Գաեւ), Ա.Վարդանյանի «Ախացել» (Ոստիկան), Շիլլերի «Ավազակներ» (Կարլ Մոոր), Գ.Ֆիգերեյդոյի «Եզոպոս» (Եզոպոս), Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Մորգենթաու), Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (Տեր Հայկազուն) եւ այլն:
Բազմաթիվ դերեր է կերտել նաեւ հեռուստաթատրոնում: Նկարահանվել է ֆիմերում` «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Ջրհորի մոտ» (1970թ.), «Այդ քաղցր խոսքը` ազատություն» (Մոսֆիլմ, 1972թ.), «Ամեն ինչ նորից» (1989թ.) եւ այլն:
1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003թ.` ժողովրդական արտիստի կոչման, 2006թ.` «Տարվա լավագույն տղամարդու դերի համար» մրցանակի: