ՀՀ ԿԱ ՊԵԿ Եղեգնաձորի, իսկ այնուհետև Կենտրոնի հարկային տեսչությունում հաշվառված «Առգոէլտիգ» ՍՊ ընկերության միակ հիմնադիր և տնօրենը Պարգև Առաքելյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով՝ Կանխամտածված սնանկությունը: Հոդվածով կանխամտածված սնանկություն է համարվում պարտապանի հիմնադիրների (մասնակիցների) կամ նրան՝ կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում՝ պարտապանի ղեկավարի, հավասարապես՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ կողմից անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծումը կամ դրանց չափի ավելացումը սեփական կամ այլ անձանց շահերից ելնելով, և եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս՝ հոդվածը նախատեսում է ազատազրկում երկուսից վեց տարի ժամկետով։

Ըստ գործարարին ներկայացված մեղադրանքի, նա 2008-2010 թթ. ընթացքում Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստանի Հանրապետություն է ներմուծել տարբեր տեսակի տնտեսական ապրանքներ ու խաղալիքներ, իրացրել դրանք Երևանում գործող «Փեթակ» տոնավաճառում վարձակալած տաղավարից և շահույթ ստացել, սակայն, սեփական շահերից ելնելով` պարտատիրոջ` պետության հանդեպ առաջացրած հարկային պարտավորությունները չի կատարել: Ըստ նախաքննական մարմնի, գործարարը շահույթ ստանալու նպատակով տվյալ ժամանակահատվածում ծավալած տնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ ՊԵԿ Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչություն ներկայացրած հաշվետու ժամանակահատվածի վերաբերյալ հաշվարկներում և հաշվետվություններում պետբյուջեի նկատմամբ առաջացրել է 10.893.300 դրամի պարտավորություն և, ունենալով այդ գումարից 5.524.000 դրամ գումարը վճարելու հնարավորություն, չի վճարել` նշված պարտավորությունը թողնելով ընկերության վրա` հետագայում օրենսդրությամբ սահմանված կարգով այն սնանկ ճանաչվելու ու լուծարվելու նկատառումներով։

Այսպիսով` Պարգև Առաքելյանն, ըստ մեղադրանքի, «Առգոէլտիգ» ՍՊ ընկերությունում կանխամտածված ստեղծել է անվճարունակության հատկանիշներ` պետությանը պատճառելով խոշոր չափի` 5.524.000 դրամի վնաս:

Քրեական գործի դատական քննության ընթացքում մեղադրանքը պաշտպանող դատախազը (մեղադրանքը դատարանում պաշտպանում էին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ    Ա. Սիմոնյանը և նույն վարչության ավագ դատախազ Վ. Գևորգյանը) հայտարարել է, որ հրաժարվում է ամբաստանյալ Պարգև Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքից, քանի որ դատարանում հետազոտված ապացույցներով, դատարանի կողմից նշանակված լրացուցիչ դատահաշվապահական փորձաքննության եզրակացությամբ և փորձագետների մեկնաբանություններով հաստատվել է, որ Պարգև Առաքելյանի գործողություններում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները, այն է՝ «Առգոէլտիգ» ՍՊ ընկերության կողմից ծավալած գործունեության արդյունքում գոյացած դրամական միջոցներով, զուտ հաշվապահական հաշվառման տեսանկյունից, ընկերությունը հնարավորություն չի ունեցել մարել առաջացած հարկային պարտավորությունները։

Ըստ դատական քննության ընթացքում պաշտպանության կողմի միջնորդությամբ նշանակված ու անցկացված Դատահաշվապահական 04.07.2012թ. լրացուցիչ փորձաքննության արդյունքների, «Առգոէլտիգ» ՍՊԸ-ի կողմից ծավալված գործունեության արդյունքում գոյացած դրամական միջոցները զուտ հաշվապահական հաշվառման տեսանկյունից հանդիսացել են իրացման հասույթ։ Ընկերությունը հնարավորություն չի ունեցել մարելու հարկային պարտավորությունները իրացման հասույթից կամ այլ միջոցներից, քանի որ ընկերության գերավճարը կամ բյուջեի պարտքը ընկերության նկատմամբ 01.01.2010թ. դրությամբ կազմել է 16540,0 հազ. դրամ և արդյունքում ընկերության 46459,0 հազ. դրամ ապրանքների տեսքով ունեցած ակտիվների դիմաց, ընդամենը ոչ ընթացիկ և ընթացիկ պարտավորությունների հանրագումարը կազմել է` 57425,0 հազ. դրամ կամ պարտավորությունները գերազանցել են ակտիվներին։ Փորձաքննությանը ներկայացված լրացուցիչ տրամադրված փաստաթղթերի համաձայն, «Առգոէլտիգ» ՍՊԸ-ի կողմից ծավալած գործունեության արդյունքում գոյացած դրամական միջոցներով զուտ հաշվապահական հաշվառման տեսանկյունից ընկերությունը հնարավորություն չի ունեցել մարել առաջացած հարկային պարտավորությունները։ ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀ վարչության աշխատակիցների կողմից 2011 թվականի փետրվարի 25-ին կազմված ստուգման ակտով արձանագրված դրվագներով և սույն լրացուցիչ փորձաքննությամբ ճգրտված տվյալներով, «Առգոէլտիգ» ՍՊ ընկերության լրացուցիչ հարկային պարտավորությունները, տույժ և տուգանքներով հանդերձ, կազմում են` 11037,8 հազ. դրամ, այդ թվում՝ շահութահարկ` 70,4 հազ. Դրամ, ԱԱՀ` 1179,3 հազ. դրամ, պարտադիր սոց. ապ. վճար` 1,2 հազ. դրամ, ընդամենը հարկեր և պարտադիր սոց. ապ. վճարներ` 1250,9 հազ. դրամ, տուգանքներ` 9571,3 հազ. դրամ, տույժեր` 215,6 հազ. դրամ, ընդամենը տուգանքներ և տույժեր` 9786,9 հազ. դրամ։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 22-08-2012թ. դատավճռով ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Պարգև Առաքելյանի անմեղությունը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան արդարացրել` մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հիմքով:

Աղբյուրը՝ Փաստինֆո