«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգ տեղափոխելու՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին վերագրվող գործընթացում ներգրավված է եղել նաեւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից:
ԱԱԾ աշխատակցի պատճառով էլ հնարավոր է եղել այդ գործարքը հեշտությամբ բացահայտել: Հիշեցնենք, որ մարտի 22-ին «Իգլա» զինատեսակը ապօրինի կերպով ՀՀ տեղափոխելու կասկածանքով ձերբակալվել են Սամվել Բաբայանը, նրա ընկեր Սանասար Գաբրիելյանն ու եւս մեկ անձ: Սույն գործով ՀՀ եւս մի քաղաքացի ձերբակալվել է Վրաստանում:
Ավելի շուտ, երբ հայտնի է դարձել, որ նման զենք ձեռք բերելու եւ Հայաստան տեղափոխելու նախաձեռնություն կա, խմբին կցվել է ԱԱԾ մի գործակալ, որն էլ, հետեւելով ու մասնակցելով այդ գործընթացին՝ ողջ տեղեկատվությունը հաղորդել է իր կառույցին: Նա, բնականաբար, ձերբակալվածների մեջ չէ: Ի դեպ, ԱԱԾ-ն բավականին ժլատ է այս գործի առնչությամբ որեւէ տեղեկություն տրամադրելու հարցում: Մենք երեկ փորձեցինք գոնե մեկնաբանություն ստանալ մեր տեղեկության վերաբերյալ, բայց ԱԱԾ լրատվական ծառայությունից չպատասխանեցին՝ հարցը գրավոր պահանջելով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում