Միակ հայկական գործող ավիաընկերությունը ապրիլի 25-ից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից կսկսի իրականանցել կանոնավոր եւ ոչ կանոնավոր (չարտերային) չվերթեր:
Գնային ճկուն քաղաքականություն, անվտանգ, արդյունավետ և մատչելի ուղեւորափոխադրում, Գյումրին աշխարհին ներկայացնելու նոր բանաձեւ եւ Գյումրիում տուրիզմի զարգացման նոր խթան. այս սկզբունքներով ու նպատակներով է Գյումրիում սկսում իր գործունեությունը «Տարոն-Ավիա» ընկերությունը:
Տարիներ շարունակ արտերկրում, կառավարության վարած արդյունավետ քաղաքականությանից եւ առաջարկած նպաստավոր պայմաններից հետո՝ վերադարձ հայրենի քաղաք ու ներդրում տասնամյա փորձով. «Տարոն-Ավիա» ընկերության գլխավոր տնօրեն Գառնիկ Պապիկյանը վստահ է՝ կառավարությունը դեմքով շրջվել է դեպի Գյումրի, ներդրողների համար սա ոչ միայն տեսանելի է, այլեւ նպաստավոր:
Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի առայժմ 3 ուղղություններով. Ռոստով, Սամարա, Կրասնոդար քաղաքներից հետո ու կարճ ժամանակ անց «Տարոն-Ավիա»-ի օդանավերով հնարավոր կլինի հասնել նաեւ Եվրոպական երկրներ:
«Տարոն-Ավիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանի խոսքերով՝ «Տարոն-Ավիա»-ի առաջարկված սակագները ցածր են լինելու նույն ուղղություններով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից առաջարկվող սակագներից։ Սահմանված է հնարավոր նվազագույն շեմը, ամիատոմսերի գները կսկսվեն 10 000 դրամից: Անկախ տոմսի գնից առանց հավելավճարի ուղևորները հնարավորություն կունենան ինքնաթիռի սրահում տեղափոխել մինչեւ 7 կգ ձեռքի ուղեբեռ, ինչպես նաեւ մինչեւ 25 կգ սովորական ուղեբեռ: Տոմսերի վաճառքն արդեն սկսված է: Իրականացվում է նաեւ օնլայն վաճառք՝ ընկերության պաշտոնական՝ www.taron-avia.am կայքէջի, ինչպես նաև ավիատոմսերի որոնման ամենատարածված առցանց համակարգերի (ինչպիսիք են www.aviasales.ru,www.ozon.ru և այլն) միջոցով: Իրականացվելու է նաեւ էլեկտրոնային ավիատոմսերի ամրագրում: Ի դեպ՝ առաջին անգամ հայ իրականության մեջ տոմսերի վրա ծանուցումներ կլինեն նաեւ հայերենով:
«Տարոն-Ավիա»-ն առաջինն է նաեւ հայ ավիացիայի պատմության մեջ անվանական օդանավ ունենալու հարցում. «Տարոն»-ի առաջին օդանավը կկրի անվանի դերասան, աշխարհում ամենաճանաչված գյումրեցի Մհեր Մկրտչյանի անունը, ուղեւորները թռիչքի ընթացքում ոչ միայն կկարդան Մհեր Մկրտչյանի մասին, այլեւ կլսեն մանսուրյանական մեղեդիներ՝ անվանի գյումրեցու մասնակցությամբ հայտնի ֆիլմերից:
Ավիաընկերության մյուս երկու օդանավերը Մհեր Մկրտչյանի անունը կրող օդանավին կմիանան առաջիկա ամիսների ընթացքում, դարձյալ անվանական ու դարձյալ մեկ այլ հանճարեղ գյումրեցու մասին ներկայացուցչական նյութերով ու աշխարհին ներկայանալու նոր ձեւաչափով:
«Տարոն-Ավիա»-ի առաջին օդանավը Գյումրու «Շիրակ» օդանավակայան կհասնի մինչեւ ապրիլի 15-ը, օդ կբարձրանա ապրիլի 25-ին՝ Գյումրի–Կրասնոդար–Գյումրի երթուղով: