Հայաստանի նոր գումարման Ազգային ժողովում իրական ընդդիմություն կլինի միայն «Ելք» դաշինքը։ Այս մասին ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
Նրա խոսքով՝ «Ելք» դաշինքն ապագա խորհրդարանում բավականին արդյունավետ կգործի։ «Ծառուկյան» դաշինքը կխաղա, այսպես կոչված, կառուցողական ընդդիմության դերը, «քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչպես եւ ում հետ հանդիպումից հետո տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն», - ընդգծել է Մինասյանը։ Համաձայն քաղաքագետի՝ Հայաստանում կլինի նաեւ ոչ խորհրդարանական ընդդիմություն՝ ի դեմս մյուս ուժերի, քաղաքական ակտիվիստների եւ լրագրողների մի մասի։
Հիշեցնենք, որ ապրիլի 2–ին Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններ տեղի ունեցան։ Նախնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ ձայների 49,12 տոկոսով։ Նրան է հետեւում «Ծառուկյան» դաշինքը՝ ձայների 27,32 տոկոսով։ «Ելք» դաշինքը հավաքել է ձայների 7,77 տոկոսը, իսկ ՀՅԴ-ն՝ 6,57 տոկոսը։