Փետրվարի 8-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց Թուրքիայի կողմից ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակների զգալի մասը Թուրքիա տեղափոխելու հետևողական գործընթացը՝ մասնավորապես առաջիկայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Երոպական տարածաշրջանային գրասենյակի՝ Բրատիսլավայից Ստամբուլ հնարավոր տեղափոխման հարցը, ինչը խիստ մտահոգիչ է Հայաստանի համար:

Խորհրդակցությունը հրավիրվել էր ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կողմից: Մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը, Հանրային խորհրդի անդամներ Կարինե Դանիելյանն ու Ռուբեն Սաֆրաստյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ արտաքին հարաբերությունների ոլորտին առնչվող այլ հարցեր:

Առաջիկայում նախատեսվում է Հանրային խորհրդում անցկացնել լայն քննարկում Թուրքիայի կողմից ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակների զգալի մասը Թուրքիա տեղափոխելու հարցի վերաբերյալ՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Արտաքին գործերի նախարարության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և Հայաստանում եվրոպական երկրների դեսպանների մասնակցությամբ: