Ապրիլի 24-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի գնդակից զոհված 20–ամյա Նարեկ Հարությունյանը Շիրակի մարզի Լեռնուտ գյուղից էր։ NEWS.am-ի հետ զրույցում Լեռնուտ գյուղի բնակիչները մանրամասներ են պատմել Նարեկ Հարությունյանի ու իր ընտանիքի մասին։ Պարզվում է՝ Նարեկն ընտանիքի միակ որդին էր, ուներ մեկ քույր։ Հայրը երրորդ կարգի հաշմանդամ է։ Ծնողները չեն աշխատում։ Զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով։ Նարեկը դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ եւ զորացրվելուց հետո պետք է կրթություն ստանար, աշխատեր։ Ընտանիքը անհամբերությամբ սպասում էր Նարեկի զորացրվելուն, որը պետք է լիներ երկու ամիս անց։
Ավելի վաղ գրել էինք, որ Արցախի ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շփման գծի հարավարեւելյան եւ արեւելյան հատվածներում ադրբեջանական զինուժը ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ (50 կրակոց): Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am