Նորածնի առքուվաճառքի գործով Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է ամբաստանյալներ, բժշկուհի Կարինե Անտոնյանին ու բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին տուգանել նաեւ 400 հազարական դրամով: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից, որտեղ արդեն հրապարակվել է դատավճիռը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարինե Անտոնյանը, երեխայի մայր Ալլա Կարապետյանը եւ երեխայի ենթադրյալ գնորդ Քրիստինե Կիրակոսյանը դատապարտվել 2 տարվա պայմանական ազատազրկման, իսկ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանը՝ 1 տարի 10 ամիս ազատազրկման:

Նշենք, որ դատարանը բժշկուհու նկատմամբ որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել, քանի որ նա հղի է եւ ունի մանկահասակ երեխա: Հետաքրքիր է, որ դատարանը բժշկուհու մասնագիտական գործունեության վերաբերյալ որեւէ որոշում չի կայացրել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանը, բժշկուհի Կարինե Անտոնյանը, երեխայի մայր Ալլա Կարապետյանն ու երեխայի ենթադրյալ գնորդ Քրիստինե Կիրակոսյանը կազմակերպել են խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը եւ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը եւ այդ նպատակով պաշտոնական փաստաթղթեր կեղծելը:

Բժշկուհուն ու բուժքրոջը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-168-րդ եւ 325-րդ հոդվածներով, իսկ Ալլային եւ Քրիստինեին՝ 168-րդ հոդվածի 1-ին մասով: Չորսն էլ ստորագրւթյամբ ազատ են արձակվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. ապրիլի 9-ին Արմավիրի մարզի բնակչուհիներից մեկն իր նորածնին 3 հազար ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել է իր նորածին երեխային Արարատի մարզի բնակչուհուն: Պարզվել է, որ Արարատի մարզի բնակչուհին եւս 2 հազար ԱՄՆ դոլար վճարել էր միջնորդին՝ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին:

Հունիսի 8-ին ձերբակալված բժշկուհի Կարինե Անտոնյանին եւ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել, նրանք կալանավորվել էին: Կարինե Անտոնյանն ու Գոհարիկ Խաչատրյանն ավելի ուշ ազատ են արձակվել: Մեղադրանք է առաջադրվել նաեւ նորածնին վաճառելու մեջ կասկածվող Ալլա Կարապետյանին ու նորածնին գնելու մեջ կասկածվող Քրիստինե Կիրակոսյանին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: