Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մայիսի 5-ի երեկոյան տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր Թերթերի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների եւ բնակավայրերի ուղղությամբ հայկական հետախուզական ծառայությունների ուժերը եւ հատուկ նշանակության մարմինները ծրագրավորել են լայնամասշտաբ սադրանքներ, ինչն ադրբեջանական կողմի ձեռնարկած էֆեկտիվ եւ կանխարգելիչ գործողությունների արդյունքում ժամանակին բացահայտվել ու կանխվել է, հերթական հերյուրանքն է եւ իրականությանը չի համապատասխանում: Այս մասին ասված է Արցախի ՊԲ-ի տարածած հայտարարության մեջ:
«Արձանագրենք, որ նման ապատեղեկատվություններ տարածելով, հակառակորդ կողմը անհաջող կերպով փորձում է պարտակել իր զինված ուժերում առկա ոչ կանոնադրային հարաբերությունների հետեւանքով հաճախակի առաջացող մահացու ելքերով դեպքերը:
Ավելին՝ եթե ադրբեջանական կողմը այդքան վստահում է իր տարածած տեղեկատվության հավաստիությանը, առաջարկում ենք հրավիրել միջազգային կառույցների ներկայացուցիչների՝ հետաքննություն անցկացնելու եւ նշված հաղորդագրության իսկությունը պարզելու համար»,-ասված է հայտարարության մեջ: