Վաղը «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում կկայանա Եվրոպայի լիգայի խաղարկության կիսաեզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սելտա» պատասխան հանդիպումը:
Հիշեցնենք, որ առաջին մրցավեճում անգլիական թիմը շնորհիվ Մարկուս Ռեշֆորդի խփած գնդակի առավելության էր հասել 1:0 հաշվով: Պատասխան հանդիպումից առաջ «Սելտայի» նախագահ Կառլոս Մոուրինյոն հայտարարել է, որ իր թիմը Անգլիա է մեկնելու եզրափակիչ փուլի ուղեգրին տիրանալու վճռականությամբ: «Մեր մրցակիցը Եվրոպայի ուժեղագույն ակումբներից է և ունի հարուստ պատմություն: «Յունայթեդում» այսօր խաղում են Պոգբայի, Մխիթարյանի և Մատայի պես ֆուտբոլիստներ, ովքեր կարող են վճռել դիմակայության ելքը: Ես զրուցել եմ մեր խաղացողների հետ և կարող եմ ասել, որ թիմը գիտակցում է հանդիպման նշանակությունը, և տղաները պատրաստ են կերտելու հիանալի մի պատմություն»,- ասել է Մոուրինյոն:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Արսենալի» հետ մրցավեճում «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հանգստանալու հնարավորություն էր տվել հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստների: Պորտուգալացի մասնագետը ողջ ուշադրությունը կենտրոնացրել է Եվրոպայի լիգայի խաղարկության և, մասնավորապես, «Սելտայի» հետ պատասխան հանդիպման վրա: Ձախողվելու պարագայում շատ հնարավոր է, որ Մոուրինյոն գալիք մրցաշրջանում այլևս չաշխատի «Մանչեսթեր Յունայթեդում»:
Մոուրինյոն հանուն Եվրոպայի լիգայի խաղարկության գիտակցաբար ջուրն է գցել Պրեմիեր լիգայում լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու հնարավորությունը, ինչը թույլ կտար հանդես գալ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Մոուրինյոյի նպատակը Եվրոպայի լիգայի գավաթին տիրանալն է, ինչը հնարավորություն կտա գալիք մրցաշրջանում անմիջապես հանդես գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:
Թեև շատ է խոսվում, որ վերջին հանդիպումներում Հենրիխ Մխիթարյանը վառ խաղով աչքի չի ընկնում, այդուհանդերձ, կարծում ենք, որ առաջիկա մրցավեճում մեր ֆուտբոլիստը կխաղա առաջին րոպեից և կլինի խաղադաշտի գլխավոր ֆիգուրներից մեկը: Իբրահիմովիչի բացակայության պարագայում Եվրոպայի լիգայի խաղարկությունում Մխիթարյանը «Յունայթեդի» ընդգծված առաջատարն է: «Սելտայի» հետ հանդիպումը բացառիկ հնարավորություն է Հայաստանի հավաքականի ավագի համար իր խոսքն ասելու եզրափակչից առաջ: Այդ դեպքում ուշադրությունը զգալիորեն կմեծանա մեր ֆուտբոլիստի նկատմամբ, և նա կհավակնի դառնալ Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունում Մխիթարյանն արդեն 5 գնդակ է խփել և ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի կողմից բազմիցս ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Այժմ փորձենք պատկերացնել, թե ինչ կազմով հանդիպումը կսկսի «Մանչեսթեր Յունայթեդը» «Սելտայի» դեմ: Դարպասում կլինի Ռոմերոն, ով Եվրոպայի լիգայի խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական դարպասապահն է: Պաշտպանության աջ եզրում կգործի Վալենսիան, իսկ ձախից՝ Դարմիանը: Պաշտպանության կենտրոնում հանդես կգան Բլինդն ու Բային: Հենակետային կիսապաշտպանի գոտում կլինի Էրերան, իսկ Պոգբան կգործի կիսապաշտպանության կենտրոնում: Ըստ բրիտանացի վերլուծաբանների՝ ենթահարձակվողի կամ, ինչպես ընդունված է ասել, 10 համար խաղացողի դիրքում հանդես կգա Մատան: Վերջինին Մոուրինյոն առջևի գծի կենտրոնական հատվածում կօգտագործի, որպեսզի իսպանացի կիսապաշտպանը մոտ լինի Մխիթարյանին, ում հետ համագործակցությունը բազմիցս է հաջողություն է պարգևել «Մանչեսթեր Յունայթեդին»: Մխիթարյանը կգործի կիսապաշտպանության աջ եզրում, իսկ ձախից կխաղա Լինգարդը: «Յունայթեդի» երկրպագուները վստահ են, որ Մատա-Մխիթարյան համագործակցությունը կարող է դառնալ թիմի հաղթաթուղթը Եվրոպայի լիգայի խաղարկությունում: Որպես նոմինալ՝ կենտրոնական հարձակվող կխաղա Ռեշֆորդը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սելտա» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:05-ին: