Հայաստանի Բարձրագույն խմբի 21-րդ առաջնության 42-րդ տուրի «Փյունիկ» - «Արարատ» հանդիպումը վերջինն էր «Արարատի» ֆուտբոլիստ Արթուր Մինասյանի համար:ArmFootball.com-ի թղթակիցը խոսեց ֆուտբոլիստի հետ նրա կարիերայի հիշարժան պահերից:

- Արթու'ր, ավարտեցիք Ձեր կարիերան: Դժվա՞ր է հայկական ֆուտբոլում այդքան երկար մնալը:

- Այդքան էլ դժվար չէ, պետք է աշխատասեր լինես: Սիրես քո գործը, այդ դեպքում կկարողանաս երկար խաղալ:

- Ինչպիսի՞ն էր Ձեզ համար կարիերան:

- Նորմալ էր: Կարող էր իհարկե ավելի լավ լիներ, կարող էի ավելի լավ խաղալ: Բայց ես չեմ բողոքում, այսպես էլ վատ չէր:

- Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունենում է դժվար պահեր: Որո՞նք էին Ձեզ համար ամենդաժվարները:

- Կարիերայիս ավելի լավ ստացվելուն հիմնականում խանգարեցին վնասվածքները: 2008 թվականին Շվեյցարիայում խաղում ենք ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում, շատ այլանդակ վնասվածք ստացա (ծիծաղում է): Խաչաձև կապանս կտրվեց, ծունկս կոտրվեց 6-7 ամիս չխաղացի, ապաքինվում էի: Կարիերայիս գագաթնակետին էի հասել և այդ վնասվածքը չթողեց, որ ավելի առաջ գնամ: Երևի դա էր ամենադժվար պահն ինձ համար:

- Իսկ կհիշե՞ք ամենաուրախ դրվագները:

- Ինձ համար յուրաքանչյուր խաղ ու մարզում եղել է ամենաուրախ պահերից: Բայց թերևս կառանձնացնեմ այն պահերը, երբ նվաճել ենք Հայաստանի գավաթը, եղել ենք եզրափակչում, առաջնությունում զբաղեցրել ենք մրցանակային տեղ:

- Ձեր կարիերայում շատ մրցակիցներ եք ունեցել: Ո՞ր թիմի դեմ Ձեր խաղը չի ստացվել:

- Կնշեմ «Փյունիկին»: Այդ թիմի դեմ խաղերում միշտ ինչ-որ բան պակասել է: Եղել է, որ վերջին րոպեներին ձեռքերիցս բաց ենք թողել հաղթանակը: Առանձնահատուկ դրվագներ դժվարանում եմ հիշել:

- Ո՞վ է եղել ձեր լավագույն մարզիչը:

- Ինձ համար բոլոր մարզիչներն էլ լավն են եղել: Բոլորին էլ հարգում եմ: Ճիշտ է, չէի ցանկանում որևէ մեկին առանձնացնել, բայց չեմ կարող չնշել Արկադի Անդրեասյանի անունը: Նրա գլխավորությամբ ես խաղացի Բարձրագույն խմբում: Վարուժան Սուքիասյանի օրոք հրավիրվեցի հավաքական:

- Ֆուտբոլիստներն ունենում են այնպիսի խաղընկեր, ում հետ խաղալն ավելի հաջող է ստացվում: Ովքե՞ր էինք նրանք Ձեզ համար:

- Իմ լավագույն ֆուտբոլային տարիներին կողքիս եղել են Մարկոսն ու Ռենատոն: Բոլորի հետ էլ լավ է ստացվել համագործակցությունս, բայց նրանց հետ հաջողություների ենք հասել ու նրանց հետ ես ինձ շատ լավ էի զգում:

- Խաղացել եք նաև Հայաստանի ազգային հավաքականում...

- Ես հայտնվեցի հավաքականում այն տարիքում, երբ միայն կարող էի երազել դրա մասին: Աննկարագրելի զգացում էր ինձ համար հավաքականում խաղալը: Երևի ամբողջ կյանքում կհիշեմ այդ պահերը:

- Այս մրցաշրջանը ամենահաջողներից չէր «Արարատի» համար: Ինչպե՞ս կգնահատեք այն:

- Շատ անհաջող մրցաշրջան էր: Ճիշտ է, վերջում դրական ստացվեց ամեն ինչ, քանի որ առաջադրանք ունեինք պահպանել տեղը Բարձրագույն խմբում ու այն պատվով կատարեցինք:

- Վատ մրցաշրջանը ստիպե՞ց Ձեզ ավարտել կարիերան, թե՞ արդեն ժամանակն էր:

- Արդեն ժամանակն էր, չնայած որ դա էլ իր դերն ունեցավ: Որոշումս կայացրի ինքս, ինչպես իմ կյանքի մյուս որոշումները:

- Ձեր վերջին խաղն անցկացրիք «Փյունիկի» դեմ: Ի՞նչ զգացողություններ ունեիք:

- Խաղում էի այնպես, ինչպես մնացած խաղերում: Չէի պատկերացնում, որ այն վերջինն է: Ամեն գնով ցանկանում էի գոլ խփել, եկավ մի պահ երբ արդեն կարող էի գրավել դարպասը, բայց ինչ-որ բան խանգարեց ինձ ու գոլ չեղավ:

- Ու՞մ եք տեսնում, որպես Ձեզ փոխարինող: Ո՞վ է կարող է «Արարատի» լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալ:

- Անփոխարինելի մարդիկ չկան: Կան ու կլինեն այնպիսի տղաներ, որ կփոխարինեն ինձ: Չեմ ցանկանում անուններ նշել, բոլոր նրանք ովքեր կաշխատեն կդառնան «Արարատի» լավագույն ֆուտբոլիստներից:

- Շատ է խոսվում այն մասին, որ կդառնաք «Արարատի» մարզական տնօրենը: Ի՞նչ եք պատրաստվում անել:

- Ես դեռ հանգստանում եմ: Հետո կորոշենք, թե ինչ կանեմ: Շատ եմ սիրում ֆուտբոլն ու հատկապես «Արարատը», կյանքիս մեծ մասն այնտեղ եմ անցկացրել, չեմ կարող ուրիշ գործ ունենալ: Կմնամ ֆուտբոլում:

- Ի՞նչ է պետք Ձեր թիմին հաջողության հասնելու համար:

- Թիմը պետք է ուժեղացվի, ավելի լրջանա ու ավելի լավ նախապատրաստվի մրցաշրջանին: Կարծում եմ ` հաջողություն կլինի:

- Որպես ավագ ընկեր, ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ֆուտբոլիստներին:

- Խորհուրդ կտամ, որ ավելի շատ սիրեն ֆուտբոլը, ավելի նվիրված, նպատակասլաց լինեն ու շատ աշխատեն:

- Ձեր վերջին խոսքն «Արարատին»...

 - «Արարատ» չեմպիոն (Ժպտում է): Միայն հաղթանակ եմ ցանկանում իմ թիմին: