Հեպատիտ C-ով հիվանդ 1000 քաղաքացի բուժում կստանա իրականացվող ծրագրի արդյունքում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը՝ ներկայացնելով նախարարության կողմից իրականացվող ծրագրերը։ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասաց, որ հեպատիտ C-ի բուժման համար օգտագործվող դեղորայքի արժեքը բավական բարձր է. «Մի հիվանդի հաշվարկով՝ 3 ամսվա կուրսը հասնում է մոտ 86 հազար դոլարի, որը բերում է 100 տոկսանոց բուժման։ Հայաստանում ունենք շուրջ 2500 հիվանդ, որից 1000-ը՝ մոտավորապես 40 տոկոսը, այս ծրագրի շրջանակներում լիարժեք և վերջնական բուժում կստանան»:
Փոխնախարարի խոսքով՝ շարունակում են պատվաստումների իրականացումը, ինչը վարակիչ հիվանդությունների կանխարգելման հնարավորություն է տալիս։ «Այս տարի նոր վակցինա պետք է ներդնենք՝ դա HPV վակցինան է, որն արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման առավել արդյունավետ վակցինաներից մեկն է աշխարհում, և մենք սա իրականացնելու ենք արդեն տարվա վերջից»,- ասաց նա։ Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ «Դեղերի մասին» նոր օրենքի ընդունումից հետո մշակվել են դեղերի գրանցման, ներմուծման, դուրսգրման կարգերը։