Վաշինգտոնի Ուուդրոու Ուիլսոնի անվան կենտրոնում անցկացված հանդիպման ժամանակ Մասաչուսեթսի համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսոր Օդրի Օլստադը ներկայացրեց Ադրբեջանի մասին իր հեղինակած երրորդ գիրքը։ «Հետխորհրդային Ադրբեջանում խորտակված ժողովրդավարությունը» գրքի շնորհանդեսի ժամանակ խոսք գնաց նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ըստ Freedom House կազմակերպության վերջին զեկույցի, Ադրբեջանն աշխարհի 199 երկրների շարքում մամուլի ազատության բնագավառում գտնվում է 189-րդ տեղում։ Ըստ Human Rights Watch մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության, այստեղ կառավարությունը շարունակում է ճնշամիջոցներն ընդդեմ ազատ խոսքի ու այլախոհության, երկիր, որտեղ կառավարության տասնյակ քննադատներ այսօր էլ գտնվում են անազատության մեջ։ Խորհրդային Միության փլուզումից հետո ժողովրդավարության նկատելի ընթացքից Ադրբեջանն ընտրել է շեղվելու ուղին, ասում է ԱՄՆ-ի Մասաչուսեթսի համալսարանի պատմության պրոֆեսոր Օդրի Օլստադը։
Պատմաբանը, որը վերջերս է հրատարակել Ադրբեջանի մասին իր երրորդ գիրքը, Վաշինգտոնի Ուիլսոնի անվան վերլուծական կենտրոնում անցկացված միջոցառման ժամանակ հանդես գալով, ասաց, թե Ադրբեջանն ունի ավելի զարգացած ու ավելի ժողովրդավարական երկիր դառնալու հնարավորություն։ Եվ ժողովուրդն էլ այստեղ ցանկանում է մասնակից լինել ժողովրդավարության զարգացման գործում։
Վերլուծաբանը, հենվելով իր գրքի վրա, Ադրբեջանի օրինակով ներկայացրեց, թե ինչպես կարող են որոշ երկրներ հեռանալ ժողովրդավարական զարգացման ընթացքից դեպի կաշառարված ավտորիտար կարգեր։
Իրավիճակ, որն անդրադառնում է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վրա։ Այս մասին է ասում պրոֆեսոր, ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի նախկին տեղակալ Ռիչարդ Քաուզլարիչը։
«Լեռնային Ղարաբաղի խնդիրը շատ քաղաքական է դարձել Ադրբեջանում, այս երկրի ղեկավարների կողմից կիրառվող հռետորաբանության արդյունքում։ Այդ պատճառով չեմ կարծում, որ հիմա ղեկավարությունից որեւէ մեկը կասի, որ հնարավոր է նստել բանակցությունների սեղանի շուրջ ու գնալ փոխզիջումների»։
Նրա խոսքերով, դրա համար հարկավոր է ժողովրդի մասնակցությունը, ինչը նորից անհնար է, ժողովրդի վրա դրված արգելքների պատճառով։