Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) սպանության նախապատրաստման գործով հետախուզվող անձը հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Հայտնաբերված անձը ՀՀ քաղաքացի է, նրան գտել են Հայաստանում, սակայն անունը առայժմ չի հաղորդվում։ Նշենք, որ նրան հետախուզում էին ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (Սպանության նախապատրաստման օժանդակում)։
Ոստիկանության լրատվական վարչության փոխանցմամբ, քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ Տավուշի մարզային վարչությունների ու Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, 2017 թ. մայիսի 30-ին Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1989 թ. ծնված, նախկինում դատապարտված Զ. Ղ.-ին, որը մայիսի 24-ին Վաղարշապատում վնասազերծված խմբի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ։
NEWS.am-ի տեղեկություններով, ձերբակալվածը Սոչիի քրեական շրջանակներում հայտնի ոմն Զորիկն է։ Նա ավելի վաղ հետախուզման մեջ էր գտնվում զինծառայությունից խուսափելու համար։ Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե նա «օրենքով գող» է, սակայն այդ տեղեկությունը հերքվել է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նշված գործով կալանավորված 3 այլ անձանց մեղադրանք է առաջադրվել: Նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Նյութի աղբյուրը՝ NEWS.am