Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր՝ մայիսի 31-ին, տարածել է հերթական ապատեղեկատվությունը՝ Արցախի բանակին մեղադրելով 82 եւ 120 մմ-ոց ականանետերից հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Այս մասին հայտնել է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
«Ադրբեջանի ՊՆ-ն նաեւ «ավելորդ» չհամարեց իր սովորության համաձայն «զգուշացնել», որ շարունակվելու դեպքում ադրբեջանական զինուժը հրետանային զինատեսակներից արկակոծության կենթարկի հայկական կողմի թիկունքային օբյեկտները:
Ի պատասխան Բաքվի ռազմական ագիտպրոպի վայրահաչոցի, տեղեկացնեմ, որ մայիսի 30-ին եւ լույս 31-ի գիշերն ու այսօրվա ընթացքում հակամարտ զորքերի կողմից ականանետային զինատեսակներից հրադադարի ռեժիմի խախտման դեպք ընդհանրապես չի արձանագրվել:
Իսկ ինչ վերաբերում է շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությանը, ապա դա մեկ անգամ եւս փաստում է, որ հարեւան երկրի մանրահատակային ուսադիրավոր քարոզիչները կամ անտեղյակ են հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող իրական զարգացումներից կամ էլ իրենց լսարանին փորձում են հրամցնել սեփական երեւակայության անպտուղ «գոհարները»,-նշել է նա: