Sputnik Արմենիայի «Հին Երևանի կանգուն վկաները» խորագրով շարքի այս հրապարակումը պատմում է Աբովյան 8 հասցեում գտնվող 19-րդ դարավերջի գործարար Գրիգոր Եղիազարյանի առանձնատան մասին, որտեղ տեղակայված է եղել հնդեվրոպական հեռագրային կապի հեռագրատունը:
Նախորդ մեր հրապարակումներից մեկում մենք արդեն ներկայացրել էինք Աբովյան փողոցի վրա գտնվող Բարսեղ Եղիազարյանի տունը, որը ներկայիս «Նոյյան Տապան» գրատան շենքն է: Այս շենքի հարևանությամբ, Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկին է կանգնած Բարսեղ Եղիազարյանի եղբոր, գործարար Գրիգոր Եղիազարյանի նարնջագույն տուֆից կառուցված գեղեցիկ առանձնատունը, որտեղ հիմա գործում է «Սալոն» ռեստորանը: Գրիգոր Եղիազարյանի մասին մեր ունեցած տվյալներն այնքան էլ շատ չեն: Հայտնի է միայն, որ նա եղել է Երևանի պատվավոր քաղաքացիներից մեկը՝ աղյուսի գործարանի սեփականատեր և Երևանի դումայի պատգամավոր, ինչպես նաև ֆինանսավորել է քաղաքի համար կարևոր մի շարք կառույցների շինարարությունը: ИЗ АРХИВА О.ЧАРХЧЯНА Հին Երևանի կանգուն վկաները. Հանրապետության 37 Ըստ ՀՀ հուշարձանների տեղեկատվական շտեմարանի՝ այս սյունազարդ երկհարկանի շենքը կառուցվել է 1884 թվականին, և որոշ հրապարակումներում որպես շենքի ճարտարապետ նշվում է Վասիլի Միրզոյանի անունը: Այստեղ ճշգրտման կարիք կա, քանի որ հայտնի է, որ Միրզոյանը Երևան է տեղափոխվել 1892 թվականին, և հենց այդ ժամանակից սկսած է նա ամբողջությամբ ներգրավվել Երևանում մեծ ծավալով իրականացվող կառուցապատման աշխատանքներին: Այսինքն, ամենայն հավանականությամբ, ճարտարապետ Վասիլի Միրզոյանը 19-րդ դարավերջին փայլուն կերպով նախագծել և վերակառուցել է 1884 թվականից կամ գուցեև ավելի վաղ տարիներից կանգուն այս շենքը: Նշենք, որ մի փոքր անհամապատասխանություն կա նաև Եղիազարյան եղբայրների շենքերի հասցեների մեջ, որի վրա մեր ուշադրությունը հրավիրեցին մասնագետները: Այժմ այդ երկու շենքներն էլ ներկայացվում են որպես Աբովյան 8 հասցեում գտնվող շինություններ, սակայն ստույգ է, որ «Նոյյան Տապանի» շենքի հասցեն նախկինում միշտ նշվել է որպես Աբովյան 6: Մի ուշագրավ հանգամանք, ներկայացվող շենքի հետ կապված, ցանկանում ենք հատուկ ընդգծել: Պատմական փաստերը վկայում են, որ Գրիգոր Եղիազարյանի այս առանձնատան մի մասնաբաժնում գործել է հնդեվրոպական հեռագրային կապի հեռագրատունը: Այդ կապուղին իր ժամանակի համար մի բացառիկ և շատ հավակնոտ նախագիծ է եղել, որի մասին Հայաստանում թերևս քչերն են տեղեկացված: Հնդեվրոպական հեռագրային կապուղին անցկացվեց ռեկորդային կարճ ժամկետներում՝ 1868-1870 թթ-ին, գերմանական «Սիմենս» ֆիրմայի կողմից: Այդ կապուղու միջոցով հեռագրային կապ հաստատվեց Անգլիայի և Հնդկաստանի, ավելի ստույգ՝ Լոնդոնի և Կալկաթայի միջև: Հեռագրային գծի ճանապարհը հետևյալն էր՝ Լոնդոն, Բեռլին, Վարշավա, Օդեսսա, Կերչ, Թիֆլիս, Երևան, Նախիջևան, Թեհրան և Կալկաթա:
«Սիմենս» ֆիրման այն ժամանակ հեռագրային կապի անցկացման բացառիկ առաջատարն էր աշխարհում և հենց այդ ֆիրմայի շնորհիվ հեռագրային կապով ապահովվեցին Եվրոպայի և այլմայր ցամաքների շատ երկրներ: Հնդեվրոպական հեռագրային կապուղին պաշտոնապես բացվեց 1870 թվականի ապրիլին, առաջին հաղորդագորւթյունը, որը հաղորդվեց նրանով, բրիտանական հիմնի տեքստն էր և հեռագրիչների աշխատավարձի ցուցակը: Կապուղու ընդհանուր երկարությունը 11 հազար կիլոմետր էր:
Խոշոր քաղաքներում կապուղու տեխնիկական սպասարկման համար հիմնվում էին հեռագրատներ, որոնք պարտադիր պետք է տեղակայվեին ապահով քարե շինություններում: Հեռագիրը հաղորդման նախնական կետից մինչև վերջին կետ, այսինքն՝ Լոնդոնից մինչև Կալկաթա, հասնում էր ընդամենը 28 րոպեում, որն այն ժամանակաշրջանի համար ռեկորդային արագություն էր: Հնդեվրոպական կապուղին աշխատեց մինչ 1931 թվականը, մոտ 60 տարի:
Բարսեղ Եղիազարյանի պատմական շենքի այլ գործառույթներից նշենք, որ այստեղ 1919-1920 թթ. տեղակայված է եղել Ամերկոմի (Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույց կոմիտե) կողմից Հայաստանում հիմնած բազմաթիվ որբանոցներից մեկը: Խորհրդային առաջին տարիներին այստեղ գործում էր Կոմկուսի Երևանի քաղկոմը, և այդ ժամանակ էր, որ շենքի ճակատային մասում փորագրվեց կոմունիստական հասարակարգի խորհրդանիշը՝ հնգաթև աստղը, որը հիմա ջնջված է:
Այնուհետև շենքում տեղակայված էր Հայաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի հրատարակչությունը, ավելի ուշ՝ պրոֆտեխնիկական կրթության պետական կոմիտեն, իսկ դրանից հետո՝ գեղագիտական դաստիարակության կենտրոնի թատրոնը: 1960-ական թվականներին այստեղ էր գործում կոմպոզիտոր Երվանդ Սահառունու այն ժամանակ հանրահայտ Երևանի Աշխատանքային ռեզերվների կուլտուրայի տան երգի-պարի անսամբլը։
Նյութի աղբյուրը՝ Armeniasputnik.am