Երեւանում Դավթաշենի կամրջից 13-ամյա երեխայի ընկնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 13-ամյա երեխայի՝ կամրջից ընկնելու հետևանքով մահանալու ահազանգն ստացվել է մայիսի 25-ին ժամը 19։25-ի սահմաններում։
Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը երեխան իր երկու ընկերների հետ ժամը 17:00-ի սահմաններում գնացել է Հրազդանի կիրճ՝ միասին ժամանակ անցկացնելու, որից հետո ոտքով բարձրացել են Դավթաշենի կամրջի տակ, որտեղ 13-ամյա տղան կամրջի մետաղյա խաչաձև կոնստրուկցիաների վրայով քայլելիս վայր է ընկել կամրջից:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավթաշենի կամուրջը և դրա հարակից տարածքների պահպանությունն ու հասարակական կարգի անվտանգության ապահովումը ՀՀ կառավարության թիվ 1008-Ն որոշմամբ իրականացվում է ՀՀ կառավարությանն առընթեր ՊՊԳՎ Մաշտոցի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից: Նախնական տվյալներով՝ 13-ամյա երեխան դեպքի օրը կամրջի մետաղական կոնստրուկցիաների վրա է բարձրացել կամրջի տակ գտնվող ոստիկանական հենակետի մոտից, տևական ժամանակ տեղաշարժվել, խաղացել դրանց վրա, ապա, կորցնելով հավասարակշռությունը, վայր ընկել և մահացել:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Միաժամանակ որոշում է կայացվել քրեական գործն ուղարկել ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ ՀՔԾ։