Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկեց և հետաձգվեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մի մասի վերաբերյալ գործի քննությունը։
Դատարանը քննում է Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Աշոտ Պետրոսյանի, Արայիկ Խանդոյանի, Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Արմեն Լամբարյանի, Սեդրակ Նազարյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի վերաբերյալ քրեական գործը։
Քիչ առաջ դատարան ներկայացվեցին ամբաստանյալները, ում դահլիճը դիմավորեց ծափերով ու նրանց անունները վանկարկելով։
Պավել Մանուկյանը, մտնելով դահլիճ, սկսեց հայրենասիրական երգ երգել, Վարուժան Ավետիսյանը վանկարկեց «Մահ ռեժիմին», Արայիկ Խանդոյանն էլ ասաց՝ «Կանգուն մեր լեռների պես»։
Հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում, Պավել Մանուկյանը պատասխանեց՝ մարտական, լիցքավորված։
Նշենք, որ խմբավորման անդամները ոտքի չկանգնեցին, երբ դատավորը ներս մտավ նիստերի դահլիճ՝ նշելով, որ ոչ ոք չի կարող իրենց դատել. «Մեզ դատելու իրավունք ունի միայն հայ ժողովուրդը»։
Դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 21-ը։