ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Փոխվարչապետը հետաքրքիր եւ արդյունավետ համարեց համատեղ աշխատանքը` ընդգծելով նաեւ դեսպանի անձնական ներդրումը երկկողմ համագործակցության ամրապնդման գործում եւ հաջողություն մաղթեց նրան հետագա գործունեության մեջ: Նա բարձր գնահատեց Շվեյցարիայի կառավարության աջակցությունը համայնքների եւ տարածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում` մասնավորապես հետաքրքիր համարելով սոցիալական բնակարանաշինության, զբոսաշրջային զարգացմանն ուղղված ծրագրերը եւ կարեւորելով, որ ընդհանուր համագործակցության մեջ համայնքները չեն անտեսվել:

Դեսպանն իր հերթին փոխգործակցությունը հաջողված համարեց եւ վստահություն հայտնեց, որ իրականացվող ծրագրերը կշարունակվեն: Նա նշեց, որ Հայաստանում հետաքրքիր տարիներ է անցկացրել եւ հեռանում է լավագույն տպավորություններով:

Դեսպանի խնդրանքով փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց առաջիկա տարիներին տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման ոլորտներում նախատեսվող բարեփոխումների մասին:

Հասարակայնության հետ կապերի բաժին