Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 21-ին սկսում է Կառավարության ծրագրի քննարկումները: Օրակարգում է ՀՀ կառավարության 2017-22 թվականների ծրագրին հավանություն տալու հարցը:
Հիշեցնենք, որ ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորվեց նոր կառավարություն, որը երկրի օրենսդրության համաձայն պետք է նոր ծրագիր ներկայացնի Ազգային ժողովում:
Ըստ կանոնակարգի, Կառավարության ծրագիրը Ազգային ժողով ուղարկելուց հետո 24 ժամվա ընթացքում խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը պետք է հայտարարություն աներ, թե երբ է նշանակվում ծրագիրը քննարկելու օրակարգով արտահերթ նիստը:
ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշել է, որ ծրագիրը հենվում է ՀՀ նախագահի ուղերձի, Հայաստանի Հանրապետական Կուսակցության եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ծրագրերի եւ կոալիցիոն հուշագրի սկզբունքների հիման վրա, ինչպես նաեւ լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա: Ծրագրի կենտրոնում ՀՀ քաղաքացին է, իսկ հաջողության գրավականը՝ ՀՀ քաղաքացիների նախաձեռնողական եւ ակտիվ մասնակցությունն առաջարկվող բարեփոխումներին: