Խոշոր պարտքի պատճառը այն է, որ ավիաընկերությունը, ըստ ՊԵԿ-ի, տեւական ժամանակ չի կատարել շահութահարկի, ոչ ռեզիդենտի շահութահարկի, եկամտահարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարի, եկամտային հարկի եւ պետական տուրքի վճարումները, որոնք էլ կուտակվելով միլիարդավոր դրամների են հասել: 

Գումարային հարցը լուծելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն «Արմավիա»-ի դեմ դատական հայց է ներկայացրել: Կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից Վարչական դատարան է ներկայացվել հայցադիմում՝ «Արմավիա»-ից հօգուտ պետբյուջեի 7 միլիարդ 35 միլիոն 703 հազար 888 դրամ (մոտ 17 միլիոն դոլար) գումարի բռնագանձման պահանջով,-այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Պետական եկամուտների կոմիտեից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ Վարչական դատարան դիմում են ներկայացրել այս տարվա ապրիլի սկզբին, դատարանն էլ ապրիլի 19-ին որոշել է հայցն ընդունել վարույթ եւ նախնական դատական նիստ նշանակել մայիսի 27-ին, բայց քանի որ նշված օրը կառավարության որոշմամբ սահմանվել էր ոչ աշխատանքային օր, նախնական դատական նիստը տեղի չի ունեցել, իսկ նիստի նոր օր դեռեւս նշանակված չէ:
 
Ապրիլի 1-ից սնանկացման գործընթաց սկսած «Արմավիա»-ն պարտք է մի շարք ընկերությունների՝ Հայաստանում եւ արտասահմանում, չեն վճարվել նաեւ ավիաընկերության նախկին աշխատակիցների մի քանի ամսվա աշխատավարձերը: Սնանկացման գործընթաց սկսած «Արմավիա»-ն, ըստ օրենքի, պետք է դիմեր դատարան՝ իրեն սնանկ ճանաչելու պահանջով, մինչդեռ մինչ այսօր ավիաընկերությունը նման հայցով դատարան չի դիմել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան ասաց, որ վարչական դատարանում հարուցված քրեական գործի մասին իրենք վաղուց էին տեղյակ:

«Արմավիա»-ն ընդունում է, որ պարտքեր կան եւ դրանք շատ են, մենք բանակցություններ ենք վարում, որ պարտքերը մարվեն, բանակցություններ են ընթանում նաեւ Պետական եկամուտների կոմիտեի հետ», - փոխանցեց Ավետիսովան:

Այն հարցին, թե ինչպե՞ս են վարում բանակցությունները, երբ Պետական եկամուտների կոմիտեն պարտքը բռնագանձելու հայցով դատարան է դիմել, «Արմավիա»-ի մամլո խոսնակը չպատասխանեց:

Հարցի շուրջ պարզաբանումներ «Ազատություն» ռադիոկայանը փորձեց ստանալ նաեւ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից, որտեղից էլ փոխանցեցին, որ «Արմավիա»-ի պարտքի մասին իրենք իրավասու չեն խոսել, իսկ ինչ վերաբերում է Հայաստանում ավիացիոն ոլորտի ապագայի շուրջ տեղի ունեցող քննարկումներին, ապա այս հարցում նորություններ դեռ չկան: