ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է անընթեռնելի համարանիշներով ավտոմեքենաների «հնարամիտ» վարորդներին, որ նրանք հայտնաբերվելու և պատժվելու են:
Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միտումնավոր անընթեռնելի դարձրած հաշվառման համարանիշում անգամ մեկ թվի չերևալու դեպքում վարորդները նախկին 100 հազար դրամի փոխարեն կվճարեն 200 հազար դրամ:
«Եթե տարվա ընթացքում խախտումը կրկնվի երկրորդ անգամ, վարորդը կվճարի 400 հազար, երրորդ անգամ խախտելու դեպքում` 600 հազար դրամ տուգանք, ինչպես նաև վարորդական իրավունքից զրկում մեկ տարի ժամանակով»,- տեղեկացրին ոստիկանությունից:
Մաշված համարանիշի դեպքում վարորդները կտուգանվեն 10 հազար դրամի չափով:
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում ավտոմեքենաների պետհամարանիշները փակցնել նախատեսված վայրերում և զերծ մնալ համարանիշը անընթեռնելի դարձնելու անհաջող փորձերից, քանի որ վաղ թե ուշ դրանք բացահայտվելու են: