Մոսկվայի հրշեջ ծառայության թիվ 4 մասի աշխատակից Միխաիլ Ֆ.-ն հարբած վիճակում, հարևանների աչքի առաջ ծեծել և 5-րդ հարկից ցած է նետել իր անչափահաս դստերը:
Բարեբախտաբար աղջիկը ողջ է մնացել և կարողացել է պատմել այս դեպքի մասին:
-Ես մարմելադ էի ուտում: Իսկ հայրիկս այն խլեց ձեռքիցս և ինձ նայեց այնպիսի հայացքով, որ ես չկարողացա ինձ զսպել և լաց եղա: Իսկ հետո նա հրամայեց, որ գնամ իմ սենյակ:
Աղջիկը հիշում է, թե ինչպես հայրը իր ետևից մտավ սենյակ և առանց մի բառ ասելու՝ սկսեց քաշքշել իր մազերից: Իրինան փորձել է օգնություն կանչել, սակայն հայրը ուշադրություն չի դարձրել երեխայի հոգեմաշ ճիչերին:
-Սենյակում հայրիկս երեք անգամ բռունցքով հարվածեց գլխիս, իսկ հետո քարշ տվեց մուտքի աստիճանավանդակ և մի այդքան անգամ էլ հարվածեց արմունկով: Իմ շուրթերից արյուն եկավ: Հետո նա ինձ դրեց պատուհանի գոգին ու հրեց ցած,- սարսափով հիշում է Իրինան:
Ներքևում 9-ամյա աղջնակը մի քանի վայրկյան կորցրել է գիտակցությունը, իսկ երբ շրջապատում ամեն ինչ սկսել է հստակվել, ուժեղ գլխապտույտ է զգացել: Նրան օգնել է ներքևի հարկում ապրող հարևանուհին և իր հետ միասին յոդով մաքրել է վերքերը:
Կլինիկական հիվանդանոցի հերթապահ բժիշկը, ուր, այնուհետև, տարել են տուժած երեխային, «Life News»-ին պատմել է, որ աղջկա մոտ արձանագրվել է գոտկատեղի առաջին ողի ջարդվածք, երիկամների վնասվածք և բազմաթիվ կապտուկներ: Այժմ Իրինային տեղափոխում են Զվենիգորոդի քաղաքային հիվանդանոցից՝ Մոսկվա:
Մերձմոսկվայի ոստիկանությունը օպերատիվ կարգով ձերբակալել է այդ հանցագործության կասկածյալին, Իրինայի հորը՝ Արտակարգ իրավիճակների ծառայության Մոսկվայի պետական վարչության 4-րդ հրշեջ ծառայության պրապորշչիկ Միխաիլ Ֆեդորենկոյին:
Իմանալով այս դեպքի մասին, Միխաիլի կինը՝ Սվետլանան որոշել է բաժանվել ամուսնուց:
-Սա առաջին դեպքը չէ, որ նա ծեծում է երեխային: Եթե նա խմում է, ապա սկսում է բոլորի վրա բղավել, իսկ ինձ ու աղջկաս դուրս անել տնից,- ասել է Սվետլանան,-այս մասին գրում է Փաստինֆոն: