Lragir.am-ը գրում է.

«ՆԱՏՕ-ն ուղղակի չի մասնակցում բանակցային գործընթացին, դրանով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մենք կողմերին կոչ ենք անում բովանդակային բանակցություններով գտնել խնդրի խաղաղ լուծումը: Դա միակ տարբերակն է», - APA ադրբեջանական լրատվական գործակալության թղթակցին ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը: Նա նշել է, որ Արցախի խնդրին չկա ռազմական լուծում:
Փաստորեն, Ադրբեջանին պատերազմը «մտքից հանելու» մասին բավական հստակ ակնարկում է ՆԱՏՕ բարձրաստիճան դիվանագետը, ով ի դեպ վերջերս այցելել էր Հայաստան:
Ադրբեջանը ստանում է ռուսական ռազմական մատակարարումների հերթական խմբաքանակները, սակայն միեւնույն ժամանակը մեկը մյուսի հետեւից ստանում է «պատերազմի իրավունքի» մերժումներ աշխարհքաղաքական ուժային կենտրոններից, ընդհուպ նույն Ռուսաստանից: Այդ մերժումները յուրաքանչյուր կենտրոնի պարագայում ունեն իհարկե տարբեր շարժառիթներ, սակայն աներկբա է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ լռելյայն կոնսենսուս է առկա Կովկասում որեւէ թեժ զարգացման անընդունելիության հարցում:
Մյուս կողմից, ինչպես օրերս նշել էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, պատերազմի անմտությունը եւ անհեռանկարությունը անկասկած գիտակցում է նաեւ Ադրբեջանի իշխանությունը: Կամ, ինչպես Տեր-Պետրոսյանը կասեր՝ Ալիեւը իհարկե խելագար չէ, նա ռացիոնալ գործիչ է եւ հասկանում է, որ չկա պատերազմով խնդիր լուծելու առնվազն աշխարհքաղաքական հիմք:
Ադրբեջանը սակայն չունի ալընտրանք, քան «պատերազմի իրավունքի» հայցում: Բաքվի համար դա ռազմավարական գիծ է, որը փոխելու կարողություն չկա: Միեւնույն ժամանակ, համանախագահներն էլ հստակ պատկերացնում են, որ հեռանկարային չէ Ադրբեջանին այդ «հայցումներում» մերժելու տարբերակը: Ալիեւին անկյուն քշելն ու «լոկալ կրակելու» արգելք դնելը կարող է տալ հակառակ էֆեկտ:
Կա Ալիեւի «դեմքը» փրկելու խնդիր: Բայց դա լուծել հնարավոր չէ: Լուծում կարող է լինել Ալիեւի հեռանալը: Այդ իմաստով հնարավոր տարբերակ է Մեհրիբան Ալիեւայի փոխարինումը, երբ Ադրբեջանի ներկայիս փոխնախագահը զբաղեցնի ամուսնու տեղը: Դա, թե զուտ փոփոխությունը, թե մասնավորապես գենդերային հանգամանքը կարող է նպաստել, որպեսզի Բաքուն ինքն իրեն հնարավորություն ընձեռի պատերազմից բացի այլ բանի մասին խոսելու համար:
Այստեղ սակայն, անկասկած, խնդիրը միայն Բաքվում չէ, եւ Իլհամին Մեհրիբանով փոխարինելու հարցը զուտ ընտանեկան հարց չէ, այլ փաստորեն աշխարհքաղաքական: Ի տարբերություն մասշտաբային պատերազմի մերժման հարցի, այդ խնդրում չկա ոչ բարձրաձայն, ոչ լռելյայն կոնսենսուս շահագրգիռ կենտրոններում, որովհետեւ այստեղ արդեն փոփոխության էֆեկտը տարածաշրջանի համար անխուսափելիորեն կլինի բավական խորքային: Բայց, ըստ ամենայնի, աշխարհքաղաքական օրակարգում Մեհրիբան խանումի հարցն է:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am