Հայկական զինված ուժերը Ղարաբաղի հետ շփման գծում կրակի տակ են առել ադրբեջանական գյուղերը, կան զոհեր և վիրավորներ, երեքշաբթի հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը:
«Այս պահին նշանառության տակ են Ֆիզուլու շրջանի Ալխանլի գյուղի շրջակա բնակավայրերը: Կրակում են հրետանային համակարգերից: Զոհեր կան նաև խաղաղ բնակչության շրջանում: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները պատասխան միջոցներ են ձեռնարկել»,- ասվում է ՊՆ հայտարարության մեջ:
РИА Новости-ն նշում է, որ հայկական կողմից՝ ոչ Հայաստանի և ոչ էլ Արցախի պաշտպանության գերատեսչություններից համապատասխան հաղորդագրություն չի ստացել:
Ավելի վաղ ԱՀ ՊԲ-ն հայտարարություն էր տարածել հրադադարի հերթական խախտման մասին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ:
Հարկ է նշել, որ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը միջազգային համապատասխան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում կատարվածի հանդեպ և ադրբեջանական կողմին նախազգուշացնում, որ պատասխանը լինելու է անհամարժեք»: