«Աստղիկ», «Պրեմիերա» եւ X Factor նախագծերից հայտնի մասնակից Դիանա Հարությունյանը հուլիսի 2-ին, դարձավ 20 տարեկան։ Իր համար կարեւոր օրվա մանրամասների եւ անակնկալների մասին երիտասարդ երգչուհին պատմել է NEWS.am STYLE-ին։
«Անկեղծ ասած՝ ինձ համար ոչ այնքան սիրելի օրը հենց ծննդյանս օրն է, բայց չեմ կարող չնշել, թե որքան երջանիկ ու անմոռնալի օր ունեցա այս տարի․․․ Սկզբում՝ անսպասելիորեն ընկերներս հայտնվեցին իմ սենյակի պատուհանի տակ՝ ուրախանում էին ու պարում․ ներկա էին իմ կյանքի լավագույն մարդիկ, որոնց սիրում եւ ամենամոտն եմ համարում։ Առաջինն ինձ շնորհավորեց մի մարդ, որն ամենաթանկն է ինձ համար՝ իմ ամենամտերիմ ընկերն է։ Արդեն մի քանի տարի է, ինչ ինքն է պարտաճանաչ կերպով առաջինը շնորհավորում ծննդյանս օրը․ հենց այստեղից էլ սկսվեց տոնս»,-նշեց Դիանան՝ հավելելով որ ընկերների անակնկալն այդքանով չի սահմանափակվել․
«Պատրաստ չէի տեղում ինչ-որ բան ձեռնարկել, բայց անգամ դրա մասին էին մտածել ընկերներս։ Հավաքվեցինք նրանցից մեկի տանն ու ուրախացանք մինչեւ առավոտ, իսկ հաջորդ օրն արդեն նշեցինք ակումբում՝ պարեցինք, ուրախացանք․․․ Օրս տոն դարձրեցին, ինքնամոռաց պարում էի ու մոռացել էի, որ այդ օրը լրացավ իմ 20-ամյակը։ Չեմ ուզում մեծանալ, ուզում եմ նույն փոքրիկ Դիանչոն մնալ, բայց դա անհնար է․․․»։
Դիանան այն հազվադեպ հոբելյարներից է, որը տորթի մոմերը փչելիս երզանքներ չի պահում, սակայն այս տարի բացառություն է արել․
«Անկեղծ ասած՝ երազանքներ չունեմ, այդ պատճառով էլ տորթի մոմերը հենց այնպես եմ փչում, բայց այս անգամ պահել եմ երազանք, որը կբարձրաձայնեմ․ ուզում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի։ Դա իմ միակ երազանքն է»։
Երգչուհուց հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք ծննդյան խնջույքին ներկա էին X Factor նախագծի իր ընկերները․
«Ցավոք, X Factor-ի մասնակիցները ներկա չէին ծննդյանս խնջույքին, բայց նրանցից մի քանիսը սրտանց շնորհավորել են ինձ, գեղեցիկ մաղթանքներ հղել։ Ի դեպ, բազմաթիվ թանկարժեք ու գեղեցիկ նվերներ եմ ստացել, որոնցից ամենատպավորիչը ընկերուհուս նվերն էր։ Ինձ նվիրեց նորածնի համար նախատեսված հագուստ ու ասաց, որ հագնեմ այն, քանի որ նոր եմ ծնվել։ Իսկ ծննդյանս ամենագեղեցիկ շնորհավորանքը եղել է հայրիկիս կողմից․ այն ինձ շատ է հուզել»։
Դիանայի հետ զրուցեցինք նաեւ ստեղծագործական կյանքի հետագա գործունեության եւ այլ երաժշտական մրցույթներին մասնակցության մասին․
«Սիրով եմ մասնակցել երաժշտական տարբեր նախագծերի։ Դրանցից ամենասիրելին ինձ համար «Աստղիկ» նախագիծն էր, քանի որ հենց դրանից սկսվեց իմ գործունեությունը։ Իսկ X Factor-ի շնորհիվ ավելի կատարելագործվեցի, արդեն հասուն երգչուհի էի։ Չգիտեմ՝ հետագայում կմասնակցեմ որեւէ նախագծի, թե ոչ, բայց կշարունակեմ գործունեությունս արվեստի բնագավառում»,-նշեց նա։
Նյութի աղբյուրը՝ NEWS.am