ԱԳՆ-ն արդեն իր կարծիքն արտահայտել է այն կապակցությամբ, որ ադրբեջանցիները շահարկում են երեխայի մահը, այդ ուղղությամբ ինչ որ պետք է արվում է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, դիվանագիտությունը մամուլի կամ հեռուստատեսության միջոցով չի վարվում. «Ինչքան կարող ենք իրազեկել, իրազեկում ենք»:
Դիտարկմանը, թե տեղի ունեցած սադրանքից հետո հնարավո՞ր է հետաձգվի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը պետք է լինի այս ամիս, Նալբանդյանը պատասխանեց. «Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից, թե ամենաբարձր, թե ԱԳ նախարարների մակարդակով: Ինչպես ասել էի մի քանի օր առաջ՝ բացառված չէ, որ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում լինի հուլիսին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է արձագանքեն եւ արձագանքեցին այս դեպքերին: Մենք այդ կապակցությամբ խոսել էինք թե եռանախագահների, թե Անջեյ կասպրշիկի հետ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 4-ի երեկոյան Ադրբեջանի Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաեւ 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ:
Փոխհրաձգության ժամանակ մահացել են 52-ամյա ադրբեջանցի կին եւ 2-ամյա աղջիկ: Դեռեւս անհայտ է, նրանք մահացել են Արցախի զինուժի պատասխան հարվածների՞ց, թե Ադրբեջանի զինուժն ինքն է հրետակոծել սեփական գյուղը: