Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում հրաժեշտի այցով հյուրընկալվել էր ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին։
ԱԻ նախարար Ա. Երիցյանը, դեսպանին ողջունելով, ընդգծեց, որ Շվեյցարիայի համագործակցության և զարգացման գործակալությունը նախարարության ամենաարժեքավոր ու հավատարիմ գործընկերներից է.
- Ես իմ բոլոր ելույթներում նշում եմ, որ շվեյցարական գործակալության հետ իրականացված ծրագրերը շատ հաջողված են ու օգտակար։ Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ իրականացված ծրագրերն այնքան շատ են ու մեկը մյուսից արդյունավետ, որ չգիտեմ, թե որի համար պիտի ավելի երախտապարտ լինենք։ Իմ և իմ գործընկերների անունից շնորհակալություն եմ հայտնում նման փոխգործացկության համար։ Այն մարդկային վերաբերմունքը և աջակցությունը, որ մեր նախարարությունը ստացել է շվեյցարական կառավարությունից անգնահատելի է։ Վստահ եմ, որ այն շարունակական է լինելու, և մենք միասին քայլելու ենք առաջ։
Դեսպան Օբոլենսկին իր խոսքում վստահություն հայտնեց, որ Հայաստանում Շվեյցարիայի հաջորդ դեսպանի հետ աշխատանքը նույնքան դրական արդյունքներ կտա։
- Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում արտակարգ իրավիճակների բնագավառում իրականացված ծրագրերը շար կարևոր են նաև Շվեյցարիայի կառավարության համար։ Տեսնում ենք նախարարության առաջընթացը, և ուրախ ենք, որ մեր համագործակցությունը ևս նպաստել է դրան։ Չնայած դիվանագիտական ծառայությունը ենթադրում է հաճախակի տեղափոխություններ երկրից երկիր` երբ քեզ լավ են ընդունում և համատեղ աշխատանքը հաջող է ստացվում, մեծ դժվարությամբ ես հրաժեշտ տալիս այդ երկրին ու գործընկերներին։
2004 թվականից լուրջ համագործակցություն ծավալելով արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում` ՇԶՀԳ-ն աջակցել է աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում տարբեր ծրագրերի։ 2006 - 2010 թթ. «Արձագանք» ծրագրի միջոցով ստեղծվեց ապակենտրոնացված փրկարարական համակարգ, ուսուցանվեցին փրկարարներ և հրշեջներ, հրշեջ մասերը վերազինվեցին անհրաժեշտ սարքավորումներով: Այնուհետև` երկու ենթածրագրերի շնորհիվ, փրկարարները և հրշեջները հանրային իրազեկման, բնակչության և ԶԼՄ-ների հետ աշխատանքի դասընթացներ անցան, իսկ ընտրված բուժանձնակազմը վերազինվեց անհրաժեշտ սարքավորումներով և անցավ նախահիվանդանոցային օգնություն ցուցաբերելու և արտակարգ իրավիճակներում փրկարարների հետ համագործակցելու դասընթացներ: «Բուժմիավորումներ» ծրագրի պիլոտային փուլի հաջող իրականացումը հիմք հանդիսացավ Հայաստանի մարզերում ծրագրի իրագործման համար։