Lragir.am-ը գրում է.

Դատելով հայկական կողմի տարածած տեղեկատվությունից՝ Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում Հայաստանը կարծես համառում է իր դիրքորոշման մեջ և հայտարարում, որ բանակցությունների համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծվեն՝ լարվածությունը պետք է թուլացվի և պետք է կյանքի կոչվեն Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Բրյուսելում հուլիսի 11-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
Ըստ Սաֆարյանի՝ սա նշանակում է, որ Ադրբեջանն ակնհայտորեն դժգոհ է հանդիպումից, որովհետև այդ երկիրը փափագում էր, որ տեղի կունենային առարկայական բանակցություններ, մինչդեռ հայկական կողմը բացահայտ հայտարարում է, որ այդպիսի բանակցությունների հասնելու համար նշված խնդիրները պետք է լուծվեն:
Հարցին, թե այս համատեսքտում հիմնախնդրի լուծման գործընթացում նոր զարգացումներ կարո՞ղ են լինել, Սաֆարյանը պատասխանեց, որ թերևս կարող ենք ականատես լինել ադրբեջանական հիասթափությանը, որը կարող է արտահայտվել մի քանի ձևով:
«Նախ Ադրբեջանը հերթական անգամ կդժգոհի Ռուսաստանին, որ Հայաստանն ըստ էության դեմ է ռուսական օրակարգին ու առարկայական բանակցություններ վարելուն: Ալիևը կգանգատվի Մոսկվային՝ փորձելով միավորներ հավաքել նրա առաջ, կփորձի ցույց տալ, որ ինքն ավելի նվիրված է ռուսական օրակարգին, քան Հայաստանը: Երկրորդ, այդ հիասթափությունը կրկին կարող է արտահայտվել սահմանին: Ակնհայտորեն Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած նստել և բավարարվել միայն միջնորդներին գանգատվելով: Նրա ռազմավարության այդ էլեմենտը ցավոք մենք չենք կանխել, դա լոկալ միջադեպեր սադրելն է՝ հայկական կողմի քաղաքական կամքի վրա ազդելու նպատակով», ասաց Սաֆարյանը:
Քաղաքագետն անդրադարձավ նաև Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սրմանը: Նրա խոսքով՝ այս փուլում իրոք այդ երկրների միջև հարաբերությունները հարթ չեն: «Մի կողմ թողնելով այն, որ կնքված ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրով փաստացի զենքի մատակարարումները շարունակվում են, բայց այնուամենայնիվ դիվանագիտական մակարդակում Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններն անհարթ չեն: Եվ վերջին հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանն ըստ էության խախտում է ՌԴ քաղաքացիների իրավունքները, դրա վկայությունն են: Խոսքը վերաբերում է Ադրբեջանի սահմանային կետերում Ռուսաստանի քաղաքացիներին հայ նախնիների վերաբերյալ հարցեր ուղղելուն և այլն», ասաց նա:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի նման պետությունն արդեն ձեռնոց է նետում Ռուսաստանին: “Իսկ Ռուսաստանը գրգռված է, որ Ադրբեջանի նման Ճ կլասի պետությունը կարող է ուղղակի անտեսել իր կոչերը և խաղալ Կրեմլի արժանապատվության հետ: Չմոռանանք, որ Ադրբեջանի կողմից սա պատասխան էր այն բանին, որ Ռուսաստանը որոշակի մտահոգություններից ելնելով՝ արգելափակեց ադրբեջանցիների կոնգրեսը, չգրանցեց, և դա լուրջ դիվանագիտական լարվածության առիթ է հանդիսացել Բաքվի և Մոսկվայի միջև: Փոխադարձ կսմիթները շարունակվում են՝ կամ դիվանագիտական հարաբերությունների, կամ էլ նմանատիպ քայլերի տեսքով”,- ասաց նա:
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների այս մակարդակը, ըստ նրա, կարող է ազդեցություն ունենալ Արցախի հիմնախնդրի լուծման վրա: Սաֆարյանի խոսքով՝ ռազմական գործողությունները վերսկսելու առումով Ադրբեջանը խորը հիասթափության մեջ է, որովհետև սպասում էր, որ Ռուսաստանը հերթական անգամ կաջակցի իրեն:
“Բայց դա տեղի ունենալ չի կարող, որովհետև Ռուսաստանը ոչ միայն հասկացրել է, որ ինքը թույլ չի տա, որ Ադրբեջանն ինքնուրույն քայլեր ձեռնարկի Ղարաբաղի հանդեպ, այլ նաև կարծես թե վերջին զորավարժություններով ցույց է տալիս, որ կարող է նույնիսկ ներխուժել, այսպես կոչված, Ադրբեջանի պատկերացրած տարածքների ամբողջականության տարածք, եթե խոսքը Իրանից սահմանի հատման փորձերին վերաբերի: Սա թերևս բավական լուրջ է ընկալվել Ադրբեջանում, պատահական չէ, որ երեկ Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանումներ էր պահանջել ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից: Բայց ստացած պարզաբանումներով հանդերձ Բաքուն խանդավառված չէ, որովհետև նա մի փոքր այլ բան էր սպասում, և դա Ռուսաստանի լոյալությունն է կամ չխառնվելը, եթե ինքը հերթական ռազմական ավանտյուրան սկսի”, հավելեց նա:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am