Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում որոշեց լրացուցիչ վկաներ դատակոչել դատարան:

Տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչները միջնորդել են որպես լրացուցիչ վկաներ հարցաքննել զգալի թվով անձանց: Լրացուցիչ վկաների թեկնածուներին, ըստ գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Արթուր Դավթյանի, կարելի է բաժանել երկու խմբի՝ արդեն հարցաքննված և չհարցաքննված անձինք: Մեղադրողն ընդգծեց, որ մեղադրական եզրակացության մեջ տեղ են գտել այն վկաների ցուցմունքները, որոնք նշանակություն են ունեցել մեղադրանքի գնահատման տեսանկյունից: Մեղադրողը նկատեց, որ մինչ դատարանում հարցաքննելը կարծիք կար, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի դատարանում հարցաքննությունը «շրջադարձային ու հեղափոխություն է լինելու», սակայն այդպես տեղի չունեցավ: Մեղադրողի գնահատմամբ, ավելի բովանդակային ու ընդարձակ էին Ռ.Հայրապետյանի նախաքննական ցուցմունքները:

Մեղադրողը չառարկեց երեք վկաների՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցներ Մամիկոն Հարությունյանին, Արթուր Մանուկյանին և Աշոտ Սնջոյանին դատարանում հարցաքննելու տուժողների ներկայացուցիչների միջնորդության դեմ, նրանց և ամբաստանյալների հեռախոսների միջև հեռախոսազանգեր են արձանագրվել: Դատարանը բավարարեց այս միջնորդությունը, ինչպես նաև համալիրի մի շարք մատուցողների դատարանում հարցաքննելու տուժող կողմի միջնորդությունները: Մյուս միջնորդությունների քննարկումը դատարանն առայժմ հետաձգեց՝ մինչև կպարզաբանվեն նրանց հարցաքննելու համար էական հանգամանքներ:

 
«ՓԱՍՏԻՆՖՈ»