Lragir.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության քաջարի նախարար Զաքիր Հասանովը հարցազրույց է տվել ԶԼՄ-ներին եւ մի շարք հայտարարություններ արել:
Նա ասել է, որ Ադրբեջանն ունի ոչ ռուսական արտադրության ինչ որ հզոր հակահրթիռային պաշտպանություն, որը կարող է խփել Հայաստանի ունեցած Իսկանդերները: Նա նշել է, որ համակարգն արդեն ստուգված է եւ լավ աշխատում է: Նախարարն ակնարկել է նաեւ, որ հայտնի չէ, թե արդյոք կաշխատեն Հայաստանին Ռուսաստանի տրամադրած Իսկանդերները:
Ռուսաստանը պնդում է, որ Իսկանդերի դեմ անզոր է անգամ Պատրիոտ համակարգը: Ադրբեջանն ակնարկում է, որ աշխարհում կա ուժ, որը կդիմակայի Իսկանդերին:
Նախարարն ասել է նաեւ, որ Ադրբեջանն ամբողջությամբ վճարել է Ռուսաստանին մատակարարված սպառազինության դիմաց: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ մի քանի անգամ խնդիրներ են ծագել չվճարելու կամ սպառազինության մատակարարումն ուշացնելու հարցով: Փաստացի, նախարարը «փակում է բազարը»՝ հայտարարելով, որ մնացել է մատակարարելու 10%-ը, որը մանրուք է:
Հասանովը բացել է նաեւ հաղթաթղթերը՝ հայտարարելով, որ Ռուսաստանի Գլխավոր շտաբը կիսվել է Սիրիայում ռազմական գործողությունների փորձով: Հասանովն ակնարկել է, որ Բաքուն այդ փորձը կարող է օգտագործել Ղարաբաղում:
Ռազմական գործողությունների «փորձը» որպես կանոն գաղտնի գործ է: Ինչու՞ է Հասանովը որոշել «մատնել» Ռուսաստանի Գլխավոր շտաբին: Ռուսաստանի Գլխավոր շտաբն էլ ի՞նչ «փորձով է փոխանակվել» Ադրբեջանի հետ:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am