Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում է գտնվում մի գործ, որով 10 զինծառայողներից 9-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին հայտնում է «Առավոտ» օրաթերթը:

Ըստ մեղադրանքի թվով 9 զինծառայողներ 2012թ. հոկտեմբերի 6-ին խմբով ծեծել են լեյտենանտ Ա.Մ.-ին` իրենց հասցեին հնչեցված վիրավորական արտահայտություններ անելու համար:

Սակայն, ինչպես գրում է թերթը, իրականում նորանշանակ լեյտենանտն իր նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորելու համար ընտրել է արտասովոր ճանապարհ: Նա գումարտակի ողջ անձնակազմի ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել զինծառայողների մայրերի հասցեին:

Ըստ թերթի տեղեկությունների` լեյտենանտի` նման արտահայտությունից զինվորների մի մասն ըմբոստացել է, ինչի արդյունքում լեյտենանտը ծեծի է ենթարկվել:

«Ի դեպ, դեպքի մասին տեղեկացել է զորամասի հրամանատարը, պահանջել է լեյտենանտից ներողություն խնդրել անձնակազմից` իր արտահայտությունների համար: Սակայն զինծառայողները նրան չեն ներել:

Նշված հոդվածով 9 զինծառայողները ներկայումս պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն ազատազրկման՝ 3-12 տարի ժամկետով»,- գրում է թերթը: