Տեւական ժամանակ է՝ նկատել ենք, որ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը երթեւեկում է սպիտակ Lexus LX 570 ամենագնացով, որի վրա «արարողակարգային» համարներ են փակցված։ Այս դեպքում Լեւոն Սարգսյանի մեքենայի համարանիշը ARM 065 է։ Սրանք, կարելի է ասել, «ներքին դիվանագիտական», բայց ժամանակավոր համարներ են, որոնք տրամադրվում են արտաքին գործերի նախարարության կողմից՝ դրսից ժամանած հյուրերին սպասարկող մեքենաների վրա փակցնելու համար։ Օրինակ, երբ դրսից որեւէ պատվիրակություն է գալիս, այդ պատվիրակության անդամներին սպասարկող միկրոավտոբուսների, տարբեր ներկայացուցչական մեքենաների վրա փակցնում են ARM տարբերանշանով եւ կապույտ ու սպիտակ գունավորմամբ այս համարանիշները, որպեսզի տարբերվեն երթեւեկության մեջ, ՃՈ տեսուչներն իմանան, որ սրանք դիվանագիտական հյուրերին սպասարակող մեքենաներ են։ Հաճախ նաեւ մեր պաշտոնյաների մեքենաների համարանիշներն են փոխում եւ այս համարներից փակցնում, որպեսզի հյուրերին ուղեկցելիս, երբ շարասյան կազմում ստիպված են լինում արագ երթեւեկել, արագաչափ սարքերի եւ տեսախցիկների տակով անցնելիս «չնկարվեն» եւ չտուգանվեն։ Ոստիկանությունից այս համարների առնչությամբ մեզ ասացին հետեւյալը․ համարներն իրենք են տալիս, դրանց տրամադրումն ԱԳՆ-ի միջոցով է լինում, ԱԳՆ-ն է որոշում՝ ում տրամադրի այս համարները, ինչպես։ «Դրանք կարճաժամկետ համարներ են, պատվիրակություն է գալիս, այդ համարները կարճաժամկետ տալիս են, պատվիրակությունը հեռանում է, նորից հետ են վերցնում»,- բացատրեցին մեզ ոստիկանությունից։
Հարցին, թե այս համարանիշները որեւէ արտոնություն ենթադրո՞ւմ են, ոստիկանությունից տվեցին անորոշ պատասխան․ «Ցանկացած իրավախախտում ուսումնասիրվում է Ճանապարհային ոստիկանության կողմից, անհիմն իրավախախտումները պարտադիր կերպով արձանագրվում են»։ Սրանով ոստիկանությունից չհերքեցին, որ որեւէ արտոնյալ կարգավիճակ չունեն այս համարանիշները, ավելին՝ անգամ իրենց ձեւակերպմամբ հաստատեցին, որ այս համարներով կարող են իրավախախտում թույլ տալ եւ չտուգանվել։ Ինչ վերաբերում է «անհիմն իրավախախտումներին», թե ինչպես է որոշվում դրանց հիմնավոր ու անհիմն լինելը, դժվար է ասել։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ոստիկանությունը քանի այսպիսի համարներով մեքենաների խախտումներ է արձանագրել, դրանցից քանիսն են համարվել անհիմն, եւ ինչ վարչարարություն է կիրառել ՃՈ-ն դրանց հեղինակների նկատմամբ։
Հիմա անցնենք ԱԳՆ-ին։ Ինչո՞ւ է արտաքին գործերի նախարարությունը ARM 065 համարանիշը տրամադրել «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանին։ Ինչո՞ւ է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը որոշել նման լավություն անել նախագահի եղբորը։ Այս հարցը պարզելու փորձը երեկ անհաջողության մատնվեց, քանի որ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը որոշել է մեզ հետ միայն «գրավոր» աշխատել (տես էջ 5)։ Անկախ ԱԳՆ «պատասխանից»՝ մի բան ակնհայտ է, որ Լեւոն Սարգսյանն ազատորեն օգտվում է ԱԳՆ-ի տրամադրած համարանիշից, որը, ինչպես չհերքեցին ոստիկանությունից, չի տուգանվում, չի ֆիքսվում ճանապարհային ոստիկանների եւ տեսանկարահանող սարքերի կողմից, մի խոսքով՝ արտոնյալ համարանիշ է։Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=152384&l=am/