Նրա գեղեցկությունը ոչ միայն ակնհայտ է, այլ նաև տիտղոսներով ամրագրված՝ «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2010»: Չորրորդ զավակին սպասող Գոհար Հարությունյանի հետ BlogNews.am-ը զրուցել է գեղեցկության, կանացի երջանկության, մայրության թեմաների շուրջ, դե իսկ հրաշալի կարգավիճակում գտնվող գեղեցկուհու ու նրա երեխաների ֆոտոշարքը լավագույն ներշնչանքը կարող է լինել բոլոր այն կանանց համար, ովքեր պատրաստվում են մայրանալ.
«Սկզբում շատ զույգեր են պլանավորում շատ երեխաներ ունենալ, սակայն ոչ բոլորն են հասնում իրենց նպատակին, քանի որ դա իսկապես շատ բարդ է: Երբ Միացյալ Նահանգներում էի, կրկնակի արագությամբ ուսումս ավարտեցի, որպեսզի գամ Հայաստան, որովհետև միշտ մտադրություն ունեի հենց Հայաստանում ընտանիք կազմելու: Ընդամենը 25 տարեկան էի, բայց արդեն զգում էի ընտանիք կազմելու պատասխանատվությունը, ցանկությունն ու հասկանում էի, որ արդեն ժամանակն է: Ամուսնուս հետ նոր էինք շփվում, երբ քննարկեցինք ընտանիքում շատ երեխաներ ունենալու թեման: Սկզբում շատ զույգեր են պլանավորում շատ երեխաներ ունենալ, սակայն ոչ բոլորն են հասնում իրենց նպատակին, քանի որ դա իսկապես շատ բարդ է: Չնայած նրան, որ ես էլ, ամուսինս էլ բավականին հասուն տարիքում ենք ամուսնացել, ձգտեցինք ու բազում դժվարություններ հաղթահարելով կատարեցինք մեր երազանքը՝ դարձանք բազմազավակ ծնողներ:
Ամեն երեխա ծնվում է՝ իր հետ բերելով նոր երջանկություն: Իհարկե, սկզբում բոլորն էլ երեխային սպասելիս պատկերացնում են ուրախ, միշտ ժպտացող, ժամանակին քնող, ամեն ինչ ուտող երեխա, սակայն պետք է իմանալ, որ ամեն երեխայի հետ ծնողների կյանքում նաև դժվարություններն են ավելանում: Ինձ մոտ այդպես է. առաջին երեխայիս մեծացնելն էլ է շատ բարդ եղել՝ ժամերով լաց, անհանգիստ գիշերներ, լարվածություն: Երկրորդ աղջիկս գիշերներն ընդհանրապես չէր քնում, և երբ պիտի ծնվեր տղաս, մտածում էի՝ արդեն փորձառու եմ, հեշտ կհաղթահարեմ, բայց ամենամեծ դժվարությունները տղայիս հետ էին:
Նախքան մայրանալս մտածում էի, որ ժամանակակից մայրիկ եմ լինելու ու, հետևաբար, ամեն դժվարություն շատ թեթև եմ հաղթահարելու, բայց արի ու տես՝ ոչ, ես տրադիցիոն, հայ մամա եմ, ով ամեն փռշտոցից վեր է թռչում, ամեն լացից անհանգստանում է: Հիմա եմ այս ամենին արդեն հեռվից նայելով հասկանում, որ բոլոր երեխաներն էլ մեծանում են, բոլոր դժվարություններն էլ հաղթահարվում են, երեխաները մոռանում են, իսկ ծնողների մոտ դա թողնում է իր նստվածքը: Ժամանակի ընթացքում դժվարությունները մոռացվում են, ու մնում է այն երջանկությունը, որ քեզ տալիս են երեխաները: Նրանք մեծանում են, և մայրության հաճույքը սկսում ես ավելի շատ վայելել, քան գրկի երեխա տարիքում:
Երբեք չեմ մտահոգվել, որ հղիություններս կարող են վնասել կազմվածքս, սակայն ասեմ, որ բոլոր հղիությունների ժամանակ էլ հետևել եմ ինձ՝ շատ չեմ գիրացել, առողջ սննդակարգի եմ հետևել: Ես շատ կանանց գիտեմ, որոնք հղիության ընթացքում մեծ քաշ են հավաքել՝ վերագրելով դա իրենց կարգավիճակին: Բայց իրականում քաշը սննդից է առաջանում: Երեխան ու, առհասարակ, հղիությունը կնոջը չեն գիրացնում: Իմ շրջապատում շատ կանայք կան, որոնք հիմա ավելի գեղեցիկ են, քան մինչ երեխա ունենալը: Կարծում եմ՝ ոչ թե հղիությունը, այլ տարիներն են կնոջ արտաքինի վրա ազդում։
Չեմ սիրում ամեն ինչը գեղեցկացնել: Ամեն ինչ ասում են այնպես, ինչպես որ կա: Այո՛, իմ երեխաներն ինձնից շատ են տարբերվում: Ես խելոք երեխա եմ եղել, հանգիստ, ինչ-որ տեղ՝ կաշկանդված: Դրսում շատ զուսպ էի, իսկ իմ երեխաները բավականին, նույնիսկ չափից ավելի ազատ են: Չգիտեմ, գուցե ամուսնուս գեներն են… Շատ անկաշկանդ, ազատ, չարաճճի երեխաներ են: Իրար հետ էլ են շատ վիճում, կռվում: Բարձրաձայն են ու միշտ ինչ-որ բանով ոգևորված, ակտիվ: Հուսամ, որ ժամանակի հետ կխաղաղվեն: Ինձնից շատ-շատ են տարբերվում: Դպրոցում ինձ ուսուցչուհիները նկատողություն չէին անում, որովհետև շատ ազդվող էի, իսկ իմ երեխաներն այդպիսին չեն, ինձնից նրանց մեջ ոչինչ չեմ տեսնում:
Աղջիկ երեխային պետք է ասել, որ ինքը գեղեցիկ է: Ինձ դա չեն ասել, ու հիմա մայրս նեղանում է, երբ հարցազրույցների ժամանակ պատմում եմ, որ մայրս ինձ երբեք դա չի ասել: Հակառակը, մայրս ասում էր՝ երանի մի սանտիմետր գոնե բարձրահասակ չլինեիր: Երբ հյուր էինք գնում, բոլորը գովում էին մեզ, իսկ մայրս ոչինչ չէր ասում: Հիմա ասում է՝ կողքից այնքան էին ասում, որ իմ ասելու կարիքը չկար: Բայց ոչ, մոր ասածը շատ կարևոր է աղջկա համար: Հայ մայրերը մի փոքր սխալ են դաստիարակում իրենց դուստրերին՝ հնազանդ, ծառայող, տղաներին էլ մանկուց ներշնչում են, որ իրենք թագավոր են: Իսկ սա շատ սխալ է: Տղան էլ պետք է վաղ մանկությունից պատասխանատվության զգացում ունենա, կնոջը օգնելու, մեծարելու կարողություն: Հիմա արդեն կարծես թե շատ բան է փոխվել: Հաճախ մրցույթին մասնակցելու համար դիմում են աղջիկներ, ովքեր իսկապես չեն համապատասխանում գեղեցկության մրցույթների չափանիշներին, բայց հասկանում եմ, որ նրանք ընտանիքում մեծարված են մեծացել, ծնողներն իրենց ասել են, որ գեղեցիկ են, դրա համար էլ ինքնավստահ են: Եվ ուրախալին այն է, որ այդպիսի աղջիկներ գալիս են ոչ միայն Երևանից, այլ նաև մարզերից: Ինձ սա շատ է դուր գալիս, ես իսկապես ողջունում եմ, երբ աղջիկը, օրիորդը ոչ թե ընկճված, կոմպլեքսավորված է, այլ իրեն վեհ է զգում: Լավ է, որ հիմա հայ մայրերն իրենց աղջիկներին այդպես են դաստիարակում: Չափավոր, բայց մայրերը պետք է պարբերաբար իրենց աղջիկներին ասեն, որ նրանք գեղեցիկ են:
Աղջիկներս վերջերս են լուսանկարներից իմացել, որ ունեմ գեղեցկուհու տիտղոս: Նկատեցի, որ ուրիշ աղջիկների կաշկանդում են, փորձում են ապացուցել, որ միայն իրենց մայրիկն է գեղեցկուհի: Զրուցեցի հետները, բացատրեցի, որ ամեն երեխայի համար իր մայրն ամենագեղեցիկն է: Բայց հետաքրքիրն այն է, որ ասում են՝ երբեք չենք մասնակցի գեղեցկության մրցույթի, թեև ինքս շատ կցանկանայի, որ համապատասխան տվյալների առկայության պարագայում իմ աղջիկներն էլ հետագայում մասնակցեն գեղեցկության մրցույթների:
Մեր ընտանիքում 4-րդ երեխան վաղուց պլանավորված էր, սակայն միշտ հետաձգում էինք, ես էլ ոչ մի գործունեություն չէի ձեռնարկում՝ մտածելով, որ դա կանեմ չորրորդ երեխայից հետո: Այնպես ստացվեց, որ երկու իմ նպատակները գրեթե միաժամանակ իրականություն դարձան: Ասեմ, որ շատ լավ եմ կարողանում համատեղել: Ամառային արձակուրդների սկզբին տանն ինձ համար մի փոքր դժվար էր, քանի որ երեխաները տանն են: Իսկ հիմա արդեն ամուսինս է նրանց խնամում, ես էլ ակտիվ զբաղված եմ «Միսս Հայաստան» մրցույթի կազմակերպչական գործերով: Այնպես որ, հղիությունս գրեթե չի խոչընդոտում իմ աշխատանքին: Բացի դրանից՝ ինձ հետ հրաշալի թիմ է աշխատում՝ մեր կազմկոմիտեի մնացած անդամները: Կհասնենք մենք մեր նպատակին, թե ոչ, արդեն ժամանակը ցույց կտա: Մի բանում հաստատ համոզված եմ. այս մրցույթը շրջադարձային է լինելու Հայաստանում՝ գեղեցկության մրցույթների նկատմամբ վերաբերմունք փոխելու հարցում:
Որքան շատ եմ զբաղված, այնքան շատ եմ հասցնում: Բացի դրանից՝ հոգեկան բավարարվածությունս է շատ մեծ, շատ ոգևորված եմ թե՛ տանը, թե՛ աշխատանքի մեջ: Իմ կյանքում իրոք շատ հետաքրքիր ժամանակաշրջան է, և զուգահեռ իմ սրտի տակ աճում է բալիկ, ինչը, կարծում էի, ինձ մոտ չի ստացվի առողջական խնդիրների պատճառով, բայց, փաստորեն, ստացվեց:
Մեր հայուհիները շատ խնամված են: Հիմա հայուհիները գիտեն, որ ընտանիք կազմելուց ու երեխաներ ունենալուց հետո շատ ավելի պետք է ուշադիր լինեն սեփական արտաքինի հանդեպ: Ինքս էլ եմ բավականին հաճախ հաճոյախոսություններ անում իմ շրջապատի կանանց: Ամեն կին էլ գեղեցիկ է, ու ոչ մի դժվար բան չկա դա ասելու մեջ: Ժամանակին հենց այդ նույն հաճոյախոսություններն ինձ ստիպեցին գեղեցկության մրցույթի մասնակցության հայտ ներկայացնել: Ուսուցչուհիներս շատ էին ասում՝ գնա՛, մասնակցի՛ր, դու գեղեցիկ ես: Հիմա նման բան չկա, բայց այն տարիներին հաճախ էին փողոցում քայլելիս պատահական անցորդներին կոմպլիմենտներ անում: Ու ոչ միայն տղաները, կանայք էլ կարող էին կանգնեցնել, ասել՝ շատ գեղեցիկ ես: Այս ամենը հաշվի առնելով՝ որոշեցի փորձել հնարավորություններս: Բայց նորից եմ կրկնում՝ շատ ամոթխած էի ու անվստահ: Անգամ հիշում եմ, որ իմ սոլո ելույթների ժամանակ այնպես էի կարմրում, որ թվում էր՝ ականջներս վառվում են: Այդ բոլոր բարդույթներն ինքս եմ հաղթահարել, բեմի նկատմամբ էլ միշտ սեր եմ ունեցել, բայց երբեք չեմ հաճախել երգի, պարի խմբակներ, որպեսզի բեմ բարձրանալու առիթներ չլինեն: Դա է երևի պատճառը, որ հաղթանակի պահին իմ հուզմունքն այդքան սուր է եղել, որովհետև բոլորովին վստահ չէի իմ ուժերի վրա, և իրոք անսպասելի էր, որ հենց ես կհաղթեմ:
Եթե արթնանում ու տեսնում եմ, որ երեխաներս առողջ են, ամեն ինչ լավ է ընտանիքում, ուրեմն՝ օրս արդեն երջանիկ է, ու հակառակը, երբ հիվանդանում են, կամ մեկի հետ մի բան այն չէ, աշխարհն ասես փլվում է: Կնոջ երջանկության համար կարևոր են նաև «ինքն իր հետ» անցկացրած պահերը: Մինչ հղիությունս մարզասրահ էի հաճախում: Սիրում եմ թեկուզ մի քանի րոպե մեկուսանալ իմ մտքերի հետ, խորհրդածել, կողքից նայել իմ կյանքին ու ամեն ինչ վերարժևորել:
Ինձ համար միշտ հաճելի է լսել «Դուք գեղեցիկ եք»: Հետաքրքիրն այն է, որ թեև հաճախ եմ այն լսում, ինձ համար այն երբեք սովորական չի դառնում: Մի շրջան կար իմ կյանքում, երբ նոր էի ամուսնացել ու ամբողջովին սուզվել էի ընտանեկան հոգսերի մեջ: Ինձ թվում էր, թե կյանքը ավարտվել է, այլևս առաջվա Գոհարը չկա, հիմա միայն երեխաներն են, կանացի ընտանեկան հոգսերն ու դժվարությունները: Այդ ժամանակ ես նախաձեռնեցի մասնակցել «Միսիս Գլոբին»: Այդ հաղթանակն ինձ կյանքի կոչեց, ապացուցեց, որ երեխաներն ու ընտանեկան հոգսերը ոչ մի խոչընդոտ էլ չեն ստեղծում, ուղղակի պետք է գեղեցիկ լինելու ցանկություն ունենալ: Իսկ, առհասարակ, ամենահաճելի կոմպլիմենտներն, իհարկե, ամուսնուս կողմից են հնչում»:
Նյութի աղբյուրը` BlogNews.am