Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Սիրելի երեխաներ,
Թանկագին ծնողներ,

Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս հիասքանչ տոնի`Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: 
Մենք շատ հիշարժան տոներ ենք նշում տարվա ընթացքում, սակայն սա մի առանձնահատուկ տոն է, քանի որ կապված է մեր կյանքում ունեցած ամենաթանկ էակների` մեր երեխաների հետ: 
Մանկության տարիներն ամենապայծառ եւ հիշողություներով լի շրջանն են յուրաքանչյուրի կյանքում, եւ հենց այդ ժամանակ է դրվում կյանքի հետագա ճանապարհի հիմքը: Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի Արցախի երեխաների մանկությունն անցնի ապահով ու խաղաղ պայմաններում, որպեսզի նրանք մեծանան առողջ ու երջանիկ, հաճախեն ժամանակակից պայմաններին համապատասխան մանկապարտեզներ ու դպրոցներ, ունենան բարեկարգ խաղահրապարակներ ու զբոսայգիներ: Այս բոլոր խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում: 
Սիրելի փոքրիկ արցախցիներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Թող ձեր կյանքը միշտ լցված լինի ջերմությամբ, հոգատարությամբ ու երջանկությամբ: Թող իրականանան ձեր բոլոր երազանքները, եւ դուք միշտ ուրախություն պարգեւեք ձեր ծնողներին ու նրանք միշտ հպարտանան ձեզնով: