2016թ-ի ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, հրաժարվում է կրտսեր որդուն՝ Սերյոժա Հարությունյանին բանակ ճանապարհել:
Տիկին Անահիտը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կրտսեր որդին իր միակ խնամակալն է, Գրիգորի մահից հետո իր առողջական խնդիրները խորացել են, արյան ճնշման հետ կապված լուրջ խնդիրներ ունի:
«Գրիգորս կյանքը հայրենիքին է տվել, էլ ի՞նչ են ուզում։ Երբ օգնության համար պաշտոնյաներին ենք դիմում, չեն օգնում, հիմա էլ մյուս որդուս են ինձանից ուզում հեռացնել»,-շեշտեց Անահիտ Հարությունյանը:
Նա մանրամասնեց, որ դեռ մարտ ամսին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին է դիմել, վերջինս պատասխանել է, որ ծառայությունից ազատել չեն կարող, բայց օրենքի սահմանում հնարավոր է տարկետում ձևակերպել, նույնը ասել են նաև Էրեբունի վարչական շրջանի զինկոմիսարիատում:
«Գլխիս տակ փափուկ բարձ էին դրել. երեկ զորակոչի վերջին օրով զանգել են, ասում են փաստաթղթերի հետ կապված խնդիր կա, պետք որդիս զինկոմիսարիատ ներկայանա և զորակոչվի բանակ, վերջին պահին փորձեցին անակնկալի բերել, բայց ես դիմում գրեցի՝ հրաժարվելով որդուս ուղարկել բանակ։ Որդուս բանակ կտանեն միայն դիակիս վրայով, ով դուռս թակեց, ծայրահեղ քայլերի կդիմեմ»,-ընդգծեց որդեկորույս մայրը:
Տիկին Հարությունյանն ընդգծեց, որ պատճառաբանում են, թե երկու երեխա ունի։
«Ես բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ, որ առաջին ամուսնությունից երկու երեխաներիս 10 տարի է՝ չեմ տեսել, Հայաստանում չեն։ Փաստաթղթերը՝ նոտարի և ԺԷԿ-ի կողմից հաստատված և կնքված, ներկայացրել եմ Էրեբունի վարչական շրջանի զինկոմիսարիատ, որտեղից էլ դրանք ուղարկվել են ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբ։ Զինկոմիսարիատը բոլոր փաստաթղթերը ներկայացրեց Երևանի քաղաքապետարան, ինձ ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ զինկոմը չեն մերժել, միայն պաշտպանության նախարարը չի հաստատել իբր վերջին պահին։ Էլի եմ ասում, թող դատի տան, թող նստացնեն, տղաս բանակ չի գնալու։ Արարատ են ուղարկում, գիտեք՝ այնտեղ էլ են սահման պահում, բացի դրանից, որ կտրուկ վատացա, ինձ ո՞վ է խնամելու։ Վերջին տասը տարում ինձ Գրգիգորն ու Սերյոժան են պահել»,-մանրամասնեց նա:
Տիկին Անահիտը նաև ընդգծեց, որ որդին երեկ քաղաքում չի եղել, սպառնացել են հետախուզում իրականացնել:
«Ես մինչև Եվրոպական դատարան էլ կհասնեմ, թող պաշտոնյաների զավակներին տանեն, ի՞նչ են ուզում խեղճ ու կրակներից»,-ասաց նա։
Tert.am-ին Պաշտպանության նախարարությունից խոստացան սահմանված ժամկետում պատասխանել գրավոր հարցմանը, քանի որ հարցը պիտի մանրամասն ուսումնասիրվի: