Շատերի կողմից «դարի տրանսֆեր» ձևակերպումը ստացած Նեյմարի տեղափոխությունը մոտ է հանգուցալուծմանը: «Բարսելոնայի» արդեն նախկին ֆուտբոլիստը տեղափոխվում է «Պարի Սեն Ժերմեն» գերռեկորդային արժեքով՝ 222 միլիոն եվրո:
ՊՍԺ-ն լուրջ մարտահրավեր է նետում ֆուտբոլին: Այս տեղափոխությունը ոչ միայն ֆրանսիական թիմի համալրում է դառնում, այլ սպառնում է լինել ավելին: Ֆրանսիական գրանդը ցույց է տալիս, որ ֆուտբոլում ամեն ինչ գլխիվայր շրջվել է, այժմ էական են միլիոնները:
Ամեն ինչ սաստկացել է...: Թվերը խոսում են ամեն ինչի փոխարեն: 25-ամյա աստղը ՊՍԺ-ում ստանալու է տարեկան 30 միլիոն եվրո («մաքուր»), գումարած 20 միլիոն բոնուսները: Նեյմարի հայրը, որպես փոխհատուցում, ստանալու է 40 միլիոն եվրո, իսկ «Բարսելոնային» է փոխանցվելու 222 միլիոն:
ԱԱ-2022-ի դեսպանը լինելու համար Նեյմարը ստանալու է 300 միլիոն եվրո...:
«Աներևակայելի մեծ ուրխություն էր խաղալ քեզ հետ, իմ ընկեր Նեյմար: Հաջողություններ եմ մաղթում կյանքիդ հետագա փուլում: Կտեսնվենք»,- Մեսսիի վերջին խոսքերն են՝ ուղղված Նեյմարին:
Հետաքրքիր է, թե ինչպես է արձագանքելու ՈւԵՖԱ-ն: ՊՍԺ-ն պետք է ձևակերպի 110 միլիոն եվրո, որպեսզի ամեն ինչ տեղավորվի ֆինանսական fair-play-ում: Գերատեսչությունից դեռ պաշտոնական ոչինչ չկա, բայց ֆրանսիական պարբերականները հաղորդում են, որ գործարքը չի խոչընդոտվելու:
Մի բան հստակ է. գործարքի կայացման դեպքում ականատես ենք լինելու ֆուտբոլի պատմության մեծագույն իրադարձության: