Քալիֆորնիայի Սաութ Փասադենա քաղաքի բնակիչ Արամազդ Անդրեասյան ավագը դատապարտվել է 25 տարուց մինչեւ ցմահ ազատազրկման՝ որդու սպանության համար, հաղորդում է LA Times-ը։
Անդրեասյանը վաղաժամ կարող է ազատ արձակվել միայն 25 տարի անց։ Նման վճիռ է կայացրել Ալհամբրայի Գերագույն դատարանի դատավոր Քեթրին Բրոգեմը։
Երեխայի մայրը դատարանում արտասվել եւ անիծել է Անդրեասյանին։ «Ես անիծում եմ քեզ։ Դու ձախողվել ես որպես հայր, ձախողվել ես որպես մարդ, ձախողվել ես որպես տղամարդ»,- ասել է Անա Էստեվեսը։
Անդրեասյանն օգոստոսի 1-ին իրեն մեղավոր էր ճանաչել իր որդու՝ 5 տարեկան Արամազդ Անդրեասյան Կրտսերի սպանության մեջ։ 35-ամյա Անդրեասյանին 25 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում էր սպառնում։
Հիշեցնենք, որ երեխայի մարմինը հայտնաբերվել է Կուչումա լճում, Սանտա Բարբարայում։ Մեղադրող կողմը պնդում է, որ Արամազդ Անդրեասյանը որդուն սպանել է կնոջից՝ Աննա էստեվեսից վրեժխնդիր լինելու համար։ Նրան սկզբում ձերբակալել, ապա ազատ էին արձակել։ Ի վերջո, Անդրեասյանին բռնել էին Լաս Վեգասում, ըստ քննիչների նա մտադիր է եղել փախչել երկրից։