Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «United Review»-ին տված հարցազրույցում կիսվել է «Լեսթերի» հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքներով:

«Մանչեսթեր Յունայթեդը» «Լեսթեր Սիթիին» կհյուրընկալի Անգլիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակում: Հանդիպումը կկայանա ասյօր և կմեկնարկի 20:30-ին.

«Կարծում եմ` այս տարի մենք ավելի շատ հաղթանակներ կտոնենք: Անցած տարի մենք շատ խաղեր ավարտեցինք ոչ-ոքի հաշվով և դա էր մեր խնդիրը: Կարող էինք ավելի շատ գոլային պահեր ստեղծել, բայց գուցե բախտը մեզ չէր ժպտում, կամ գուցե` հաջողությունն ավելի շատ Եվրոպա լիգայում մեզ ուղեկցեց, բայց այս տարի մենք կենտրոնացած ենք այդ կողմը շտկելու վրա: Պետք է ամեն ինչ անենք ավելի քիչ ոչ-ոքիներ անցկացնելու համար»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում ՄՅՈւ-ի պաշտոնական կայքը:

Մխիթարյանը նաև խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի»` ընթացիկ մրցաշրջանը հաջող մեկնարկելու մասին.

«Լավ ենք սկսել մրցաշրջանը, բայց դեռ 36 խաղ ունենք անցկացնելու: Յուրաքանչյուր խաղ նոր խաղ է, և նշանակություն չունի, թե նախկինում ինչ ենք արել:

Հիմա խաղալու ենք «Լեսթերի» հետ և դա հեշտ չի լինի մեզ համար, քանի որ նրանք էլ են լավ սկսել մրցաշրջանը: Իհարկե, առաջին խաղում պարտվել են «Արսենալին» 4:3 հաշվով, բայց նրանք հիանալի էին: Երկրորդ խաղում` «Բրայթոնի» դեմ, նրանք հաղթեցին 2:0 հաշվով, այնպես որ մեզ համար դժվար է լինելու: Միշտ դժվար է խաղալ «Լեսթերի» դեմ, նրանք շատ լավն են և շատ լավ են խաղում:

Իհարկե, մեզ մոտ մեծ է պատասխանատվությունը, քանի որ երկու խաղից հետո մենք առաջին տեղում ենք, բայց կփորձենք հաղթել երրորդ խաղում և վստահ լինել, որ ամեն ինչ լավ է լինելու»,- եզրափակել է իր խոսքը Մխիթարյանը:

Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի մեկնարկային երկու տուրերում 4-ական անպատասխան գնդակներ է ուղարկել «Վեսթ Հեմի» և «Սուոնսիի» դարպասը, իսկ Մխիթարյանն ընդհանուր առմամբ 4 գոլային փոխանցում է կատարել: