Խոստովանեմ. վերնագիրը փոքրիկ «ծուղակ է», որպեսզի գրավեմ ձեզ: Հիմա, երբ գրավեցի ձեր ուշադրությունը, մի փոքր ուղղում՝ ոչ թե «ինչու են աղջիկները նախընտրում հարուստ տղամարդկանց», այլ հաջողակ: Այո, հաջողակ, բայց հաջողակ ոչ թե բախտի բերմամբ կամ պատահմամբ, այլ ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ:
Համաձայն հնագույն «լեգենդի», որը հյուսել են առաջընթացի եւ լավ կյանքի ձգտում չունեցող տղամարդիկ՝ իրենց ծուլությունը ծածկելու նպատակով, աղջիկները նախընտրում են հանդպել հարուստ տղաների հետ: Իհարկե, ես չեմ բացառում, որ կան աղջիկներ, որոնք այս կյանքում ոչ մի բանի ունակ չեն եւ, ապրելով ետնախորշերում, ձգտում են հարուստների հետ ամուսնանալ՝ զուտ ֆինանսական բարեկեցություն ունենալու նպատակով, բայց, նախ, հարուստները աղքատ աղջիկների հետ չեն ամուսնանում, եւ երկրորդ՝ խոսքը նրանց մասին չէ:
Խելացի, կրթված եւ աշխատող աղջիկները, հարգելի տղամարդիկ, սիրում են անկախ, ոչ պակաս խելացի եւ կրթված, աշխատող տղամարդկանց, այլ ոչ թե հայրիկի փողերով ապրող պորտաբույծների, որոնց կյանքում բարձրացրած ամենածանր իրը համակարգչի մկնիկն է կամ լավագույն դեպքում՝ պլանշետը:
Եթե տղամարդը, առանց որեւէ մեկի օգնության, սեփական քրտինքով հասել է լավ պաշտոնի, դիրքի կամ հաջողություն գրանցել բիզնեսում, ապա ես ու ինձ պես շատերը միանշանակ կընտրեն նրան, քան որեւէ օլիգարխի հղփացած տղայի:
Ես հասկանում եմ եւ համաձայն եմ, որ Հայաստանը փոքր հնարավորությունների երկիր է, որ այստեղ շատ ու շատ դեպքերում գործում է խնամի-ծանոթ-բարեկամ հասկացությունը, որ իրականում շատ դժվար է ինքնուրույն որեւէ բանի հասնել, բայց ես չեմ խոսում անհնարինի մասին: Ինքս ճանաչում եմ մեկին, որը մատուցողից դարձել է հսկայական հյուրանոցային համալիրի գործադիր տնօրեն, եւ այս պատմությունը, վստահ եմ, միակը չէ:
Ես ինքս շատ եմ աշխատում: Երբեմն՝ չափից դուրս շատ: Ինձ հանդիպած տղաներից շատերը եթե ոչ անթաքույց, ապա հոգու խորքում հաստատ նախատում են ինձ, եւ ինչու՞ միայն տղաները: Բարեկամներին նույնպես անհանգստացնում է, թե ինչու եմ ես ընտանիք կազմելու փոխարեն զօրուգիշեր աշխատում, ինչու չեմ կարողանում ինձ կողակից ընտրել շրջապատում առկա բոլոր՝ իրենց չափանիշներով՝ հարմար տարբերակներից եւ, ընդհանրապես, ինչ է տալու ինձ աշխատանքը…:
Իսկ ես վաղուց եմ հասկացել, որ իմ կողքին ծույլ, աշխատելու ցանկություն չունեցող կամ քչով բավարարվող տղամարդ պարզապես չի կարող լինել: Եթե ես կարողանում եմ զրկել ինձ շատ հաճույքներից, փաբերում կամ ակումբներում չլուսացնել, այլ անընդհատ աշխատել, կարդալ, սովորել, իմ հերթական այցելությունը սրճարան Instagram-ում գովազդելու փոխարեն համացանցն օգտագործել մասնագիտական կամ այլ կարեւոր ու օգտակար տեղեկատվություն ստանալու համար ու աընդհատ ուղիներ փնտրել, թե ինչպես կարող եմ փոխել իմ ու շրջապատի կյանքը դեպի լավը, ապա նույնն ակնկալում եմ նաեւ իմ կողակցից: Թե չէ՝ Facebook-ում կամ էժանագին մի փաբում նստած, բոլորս էլ կարող ենք բողոքել կյանքի անարդարությունից: Ահա եւ պատասխանը, հարգելի տղաներ, թե ինչու են աղջիկները ձգտում ապահովված, իսկ ձեր չափանիշներով՝ հարուստ տղամարդկանց: Աննուշկա
Նյութի աղբյուրը` NEWS.am