«X Football Scout» ընկերության հիմնադիր, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արտյոմ Խաչատուրովի և Արսեն Բեգլարյանի գործակալԽորեն Քալաշյանիհարցազրույցը ArmFootball.com կայքին:

- Խորե'ն մի փոքր պատմի'ր «X Football Scout» ընկերության մասին, որտեղ դու աշխատում ես:

- Մեր գործակալությունը պաշտոնապես գրանցվեց վերջերս, 2-3 ամիս առաջ: Մինչ այդ մենք համագործակցում էինք Եվրոպայում աշխատող ծանոթ գործակալների հետ: Այժմ մենք պաշտոնական գրանցում ունենք:

- Անցած տարի պետք է ատեստավորում անցնեիր ՖԻՖԱ-ի գործակալի արտոնագիր ստանալու համար:

- Ցավոք, ինձ ընդամենը մեկ միավոր չհերիքեց, այնպես որ ստիպված եմ լինելու ևս մեկ անգամ ատեստավորում անցնել: Մեր գործում արտոնագիր ունենալն առաջնային չէ, կարևոր է ֆուտբոլային աշխարհում լայն շրջապատ ունենալը: Պետք է իմանալ, թե թիմը որ դիրքի համար է ֆուտբոլիստներ փնտրում, որ ֆուտբոլիստը որ թիմին պետք կգար:

- «X Football Scout»-ը հիմնականում աշխատում է հայկական ծագում ունեցող ֆուտբոլիստներ հետ: Հավանաբար, դա պատահական չէ:

- Իհարկե պատահական չէ: Ես հայ եմ, ապրում եմ Հայաստանում, և իմ առաջնային նպատակը Հայաստանում և արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին օգնելն է: Իմ կարգախոսն այսպիսին է. առավելագույն կերպով օգտակար լինել մեր ֆուտբոլիստներին, հայկական ակումբներին և, վերջին հաշվով, Հայաստանի հավաքականին:

- ՀՖՖ-ի հետ համագործակցու՞մ եք:

- Կարելի է ասել, այո: Եթե ես տեղեկություն եմ ունենում արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստի մասին, ապա նրա մասին հայտնում եմ ֆեդերացիային:

- Ի՞նչ կասեք Լյուքսեմբուրգի դեմ խաղում Արտյոմ Խաչատուրովի` Հայաստանի հավաքականի կազմում նորամուտի մասին:

- Անկեղծ ասած, դժվար էր ինտերնետով դիտել հանդիպումը: Ինչ վերաբերում է Խաչատուրովին, ապա, որքանով ես տեղյակ եմ, առաջին հանդիպման համար նորմալ է հանդես եկել: Սակայն, իմանալով նրա ներուժը, կարող եմ ասել, որ այն ինչ նա ցույց է տվել Վալանսում, նրա հնարավորությունների 50 տոկոսն է:

- Արտյոմը հայերեն խոսու՞մ է:

- Ոչ:

- Հավանաբար, հավաքականի տղաների հետ շփվելով, կսովորի…

- Լյուքսեմբուրգի դեմ խաղից առաջ ես Արտյոմին (Խաչատուրով - ArmFootball.com) ու Արսենին (Բեգլարյան- ArmFootball.com) տվեցի Հայաստանի հիմնի բառերը ու խնդրեցի սովորել այն: Նրանք այդպես էլ արեցին (ծիծաղում է):

- Բեգլարյանը շա՞տ էր հիասթափվել, որ չխաղաց Լյուքսեմբուրգի դեմ:

- Ոչ: Նա կարծում է, որ դա նորմալ է: Արսենը սթափ դատողություն ունի և ամեն ինչ հասկանում է:

-  Կարո՞ղ եք առանձնացնել ձեր հաճախորդներից մեկին, ով լավ կարիերա կունենա:

- Բոլորին կարող եմ առանձնացնել: Եթե մենք աշխատում ենք նրանց հետ, ապա մեծ հույսեր ենք կապում:

- Ի՞նչն է պատճառը, որ հայ ֆուտբոլիստները հազվադեպ են տեղափոխվում արտասահմանյան ակումբներ:

- Չէ, ինչու՞…

- Եկեք մի կողմ դնենք «Մետալուրգ» և «Կուբան» տեղափոխությունները: Ամեն դեպքում, այդ թիմերի ղեկավարները հայեր են:

- Կարծում եմ, եթե մեր երկիրը Եվրամիության անդամ լիներ, ապա իրավիճակն այլ կլիներ: Երբ դիմում ես եվրոպական ակումբներին, նրանք առաջին հերթին հարցնում են` իսկ ֆուտբոլիստը եվրոպական անձնագիր ունի՞: Նրանք, ովքեր եվրոպական անձնագիր չունեն, լեգիոներ են համարվում: Այդ պատճառով, ֆուտբոլիստը պետք է առանձնահատուկ ու տեղացիներից մի գլուխ ուժեղ լինի, որպեսզի տեղափոխվի եվրոպական ակումբ: Ինչ վերաբերում է մեր ֆուտբոլիստներին, ապա մենք շատ լավ երիտասարդներ ունենք:

- Միևնույն ժամանակ վրացի բազմաթիվ ֆուտոլիստներ խաղում են Եվրամիության երկրներում:

- Վերջերս Վրաստանում էի, շփվել եմ հավաքականի մի քանի ֆուտբոլիստների, ինչպես նաև տեղացի գործակալների հետ: Նրանց մոտ գործակալական աշխատանքը զարգացած է: Ամեն ինչ կարգավորված է: Հայաստանում ընդամենը մի քանի գործակալներ կան, իսկ Վրաստանում այդ համակարգը զարգացած է:

- Հայաստանի ակումբները գործակալների համար խոչընդոտներ չեն ստեղծու՞մ:

- Իհարկե ոչ: Յուրաքանչյուրն իր գործով է զբաղվում: Հասկացեք, իմ նպատակը, ֆուտբոլիստի տրանսֆերից փող աշխատելը չէ: Կարելի է ասել, որ գործակալի աշխատանքը իմ հիմնական մասնագիտությունը չէ: Պարզապես հաճույք եմ ստանում, երբ կարողանում եմ օգնել ֆուտբոլիստին կամ ակումբին:

- Մեր առաջնության խաղերին հաճախու՞մ եք:

- Իհարկե: Մայրաքաղաքում անցկացվող բոլոր հանդիպումներին ներկա եմ լինում, երբեմն նաև մարզերում անցլկցվող խաղերին եմ լինում:

- Իսկ պատանեկան թիմերի հանդիպումնե՞րը:

- Վերջերս ներկա եմ եղել 1998թ.-ի ծնվածների խաղին: Շատ տաղանդավոր երեխաներ կան, խաղն էլ բավականին հետաքրքիր էր:

- Ընդհանրապես, ինչպե՞ս են այժմ եվրոպական ակումբներն անցկացնում իրենց սելեկցիոն աշխատանքները:

- Տարբեր մոտեցումներ կան: Մեկը նայում է վիճակագրությանը, մյուսը այս կան այն ֆուտբոլիստի մասնացկությամբ տեսագրություններ է դիտում: Զանգել և ֆուտբոլիստ առաջարկելն այժմ անիմաստ զբաղմունք է: Կարո՞ղ եք պատկերացնել թե օրեկան քանի մարդ է զանգում եվրոպական ակումբներին ու առաջարկում իր ֆուտբոլիստի ծառայությունները: Բավական է միայն ֆուտբոլիստի մասնակցությամբ ու խփած գոլերի հինգ րոպեանոց տեսագրություն: Եվրոպական ակումբներից ոչ մեկը իր թանկարժեք ժամանակը չի վատնի: Եթե ֆուտբոլիստը հետաքրքրեց, նոր կսկսեն ուշադիր հետևել նրա խաղին:

- Իսկ հավաքականի առաջատար ֆուտբոլիստների հաջող ելույթները մեծացրե՞լ են հետաքրքրությունը հայ երիտասարդ ֆուտբոլիստների նկատմամբ:

- Իհարկե: Եվրոպայի առաջնության ընտրական փուլից հետո հայ ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրությունը մեծացավ 50 տոկոսով: Այժմ բոլորը գիտեն Հենրիխ Մխիթարյանին և մտածում են, որ Հայաստանում էլի կլինեն այդպիսի տաղանդավոր ֆուտբոլիստներ: Այն թիմերը, որոնք Հենրիխի կարիերայի սկզբում կասկածում էին` արժի նրան ձեռք բերել, թե ոչ, այժմ եղունգներն են կրծում, որ այդպիսի ֆուտբոլիստ են բաց թողել: Եվ նման սխալ չկրկնելու համար նրանք մեծ ուշադրությամբ են հետևում մեր առաջնությանը:

- Հայաստանում անցկացվող միջազգային հանդիպումներին նույնպես հետևու՞մ են:

- Հայաստանի բոլոր տարիքային խմբերի հավաքականներին ուշադիր հետևում են սկաուտները, գործակալները: Նույնը կարելի է ասել եվրագավաթների հանդիպումների մասին: Այդ հանդիպումներում նվազագույնը երկու-երեք հոգի հետևում են հայ ֆուտբոլիստներին:

- Խաչատուրովը հանդես է գալիս մոլդովական «Շերիֆում»: Ավելի ուժեղ առաջնություն տեղափոխվելու հնարավորություն կա՞:

- Տվյալ փոլում մենք այդ մասին չենք մտածում: Նա երիտասարդ է, դեռ պետք է աճի որոշակի մակարդակի հասնելու համար: Այն, որ նա մեկ հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում, դեռ ոչինչ չի նշանակում:

- Սակայն Հայաստանի հավաքականում խաղալը պետք է նպաստի նրա զարգացման:

- Անկասկած:

- Մինչ ՖԻՖԱ-ից վերջնական թույլտվություն ստանալը մի փոքր անհանգստանում էինք: Մոլդովական մամուլը ձեզ էր վերագրում այն բառերը, որ Խաչատուրովը ԴԵՌ չի կարող հանդես գալ Մոլդովայի հավաքականում: ՖԻՖԱ-ի հնարավոր մերժման դեպքում նման տարբերակ քննարկվե՞լ է:

- Ոչ: Ի սկզբանե Արտյոմը հստակ որոշել էր հանդես գալ Հայաստանի հավաքականում: Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ ընթացավ:

- Մամուլում գրվեց իտալական Սերիա Ա-ի ակումբներից մեկի` Արսեն Բեգլարյանի նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին: Ձեզ ինչ-որ բան հայտնի՞ է:

- Ոչինչ չեմ կարող ասել այդ առիթով: Ո'չ ինձ, ո'չ ակումբին ոչ ոք չի դիմել:

- Դուք «Փյունիկ» եք բերել Վլադիկավկազի «Ալանիայի» հարձակվող Սարգիս Բալոյանին: Ի՞նչ հեռանկարներ ունի նա:

- Առայժմ Բալոյանը փորձաշրջան է անցնում: Նա ֆիզիկական լավ տվյալներ ունի, հուսով եմ` իրեն լավ կդրսևորի ու կհրավիրվի երիտասարդական հավաքական:

- Իսկ ի՞նչ կասեք պաշտպան Յուրի Ուդունյանի մասին:

- Կես տարի առաջ իմացանք, որ Մախաչկալայի «Անժիի» դուբլում աջ պաշտպանի դիրքում հայ ֆուտբոլիստ է խաղում: Տեղեկություն ենք հավաքել, խոսել ենք ֆուտբոլիստի հոր հետ: Առայժմ մենք կապի մեջ ենք: