Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, երգչուհի Դալիթան նշում է ծննդյան տարեդարձը: «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հայ ներկայացուցիչն արդեն 18 տարեկան է. ճիշտ է՝ արդեն չափահաս է, սակայն ինչպես ինքն է նկատում՝ շատերը մինչ օրս նրան վերաբերվում են որպես այն փոքրիկ՝ 11-ամյա աղջնակի, որը տարիներ առաջ ներկայացնում էր Հայաստանը Եվրոպայի կարեւորագույն բեմերից մեկում:
Ի դեպ, երգչուհին իր 18 -ամյակի ֆոտոշարքը վստահել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ մեզ հետ կիսվել իր տոնական օրվա տրամադրությամբ.
«Շատերն են ինձ փոքրուց ճանաչում եւ, միգուցե, շատերի համար դեռ փոքրիկ Դալիթան եմ, հատկապես ընտանիքիս անդամների՝ տատիկիս ու մայրիկիս համար, բայց բնականաբար կա զգալի փոփոխություն եւ հասունություն, բայց ես չեմ շտապում մեծանալ։ Փորձում եմ ապրել տարիքիս համապատասխան»,-ասում է Դալիթան՝ հավելելով, որ սիրում է ծննդյան տարեդարձները, իսկ փոքր տարիքում ավելի շատ էր հավատում այդ օրվա հեքիաթին:
«Շատ ուրախ եւ բարձր տրամադրությամբ եմ սկսել օրս: Ինչպես միշտ՝ առաջինը ընտանիքիս անդամներն են ինձ շնորհավորել: Հենց մոտենում է կեսգիշերը, սկսում են շնորհավորանքներն ու անակնկալները, ընկերներիս և հարազատներիս կողմից շատ-շատ զանգեր ու sms-ներ եմ ստացել, իսկ սոցիալական ցանցերում շարունակ ստանում եմ բարեմաղթանքներ թե՛ ընկերներիս, թե՛ երկրպագուներիս կողմից, բազմաթիվ զանգեր եւ հաղորդագրություններ եմ ստացել նաեւ արտասահմանից: Նրանք բոլորը շատ ուշադիր են եւ ապահովում են իմ բարձր տրամադրությունը: Ես ինձ ավելի երջանիկ եմ զգում, ինչի համար անչափ շնորհակալ եմ բոլոր-բոլորին»,-եզրափակեց երգչուհին:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Դիմահարդար` Մերի Մկրտումյան