Երևի թե շատերին է հետաքրքրում, թե ինչու են բժիշկները վիրահատարանում կրում ոչ թե սպիտակ, այլ՝ կանաչ կամ կապույտ գույնի համազգեստ:
Պարզվում է՝ համազգեստի գույնի ընտրությունը բավականին կարևոր նրբություն է, որից մասամբ կախված է վիրահատության հաջողությունը:
Ինչպես նշում է AdMe.Ru-ն, ի սկզբանե բժիշկների համազգեստը սպիտակ է եղել, սակայն դա շարունակվել է մինչև 1914թ., երբ անվանի բժիշկներից մեկը հրաժարվել է ճերմակից՝ նախապատվությունը տալով սկզբում կանաչին, իսկ հետո՝ կապույտին: Պատճառն այն է, որ ճերմակը կարող է ազդել վիրաբույժի տեսողության վրա: Նա կարող է մի քանի վայրկյանով «կուրանալ», եթե արյան ալ կարմիր գույնից հայացքը գցի մյուս բժիշկների սպիտակ խալաթների վրա:
Հետաքրքրական է, որ սովորական մարդիկ նույն բանն են զգում, երբ արևոտ օրով տնից դուրս են գալիս ու առաջին հայացքը գցում ձյան վրա: Աղբյուրը մանրամասնում է, որ կապույտը և կանաչը գունային սպեկտրում հակադարձ են կարմիրին, մինչդեռ վիրահատության ժամանակ բժիշկը ստիպված է տևական ժամանակ նայել կարմիր արյանը:
Այսպիսով՝ կանաչն ու կապույտը ոչ միայն օգնում են բժշկին չկորցնել հայացքի սրությունը, այլև թույլ են տալիս ավելի լավ ընկալել կարմիրի երանգները: Հետևաբար՝ օգնում են վիրաբույժին ավելի քիչ սխալներ թույլ տալ վիրահատության ժամանակ: