ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Բավարիայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում:
Հանդիպումը կայացել է Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի` 3:0 հաշվով հաղթանակով:
Ալ-Խելայիֆին առանձնացրել է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարին, որը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել գերմանական թիմի հետ երեկ կայացած խաղում.
«Բոլորը գիտեն Նեյմարին: Նա մեծագույն ֆուտբոլիստ է, լավագույնն աշխարհում: Բայց մյուսներն այսօր նույնպես հիանալի խաղացին:
Ուրախ ենք այս հաղթանակի և թիմի կատարած հիանալի աշխատանքի առթիվ: Շատ հպարտ ենք դրանով, բայց դեռ ոչինչ չենք հաղթել: Հիմա ցանկանում ենք խմբում առաջին տեղը զբաղեցնել: Պետք է շարունակել աշխատել և ամեն օր աճ գրանցել, ոչ թե ճախրել ամպերում:
«Բավարիային» ջախջախելը հաղորդագրությու՞ն էր Եվրոպային: Մենք չենք ցանկանում որևէ հաղորդագրություն ուղարկել: Մենք մտածում ենք միայն մեր մասին»,- Ալ-Խելայիֆիի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը: