Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը սկսելով հայտնեց, որ նախորդ նիստում լրացուցիչ վկաներին դատակոչելու հետ կապված՝ ծանուցագրեր են ուղարկվել, սակայն դատարան չի ստացվել ծանուցագիրը ստանալու մասին  որեւէ հավաստում, տեղեկատվություն, որով պարզ լիներ, թե վկաներն ինչու չեն ներկայացել դատարան: Այս մասին տեղեկացնում է «Առավոտ» թերթը՝ հավելելով, որ  միայն լրացուցիչ վկա Բագրատ Հարությունյանի հետ կապված դատարանը ծանուցագիր չէր ուղարկել, քանի որ ըստ դատավոր Դ. Հարությունյանի՝ ձեռքի տակ չի ունեցել նրա  անձնական տվյալները: Մեղադրանքը պաշտպանող դատախազ Արթուր Դավթյանը հայտնեց, որ անջատված մասով հարցումներ կանի եւ կներկայացնի դատարանին տեղեկություններ: Մինչ կհետաձգվեր դատական նիստը, նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մարտիրոսյանից ստացել է դիմում, որով լրագրողը հայտնել է, որ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը փորձել է խոչընդոտել իրեն՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար եւ անպատիվ արտահայտություններ է արել դատական կարգադրիչների ներկայությամբ: Լրագրողը դատարանին խնդրել էր ապահովել պայմաններ՝ լուսաբանելու համար: Դատավորը փորձեց ճշտել՝ որտեղ է տեղի ունեցել միջադեպը, լրագրողը պատասխանեց՝ դատական նիստերի դահլիճից դուրս, ինչի կապակցությամբ դատավորն ասաց, թե դատարանի տարածքից դուրս ինքը իրավասու չէ խնդրով զբաղվել, միեւնույն ժամանակ հարցրեց, թե արդյոք լրագրողը պնդում է դիմումում ասվածը: Մեր գործընկերը պատասխանեց, որ հաջորդ անգամ կրկնվելու դեպքում ինքը կդիմի նաեւ իրավապահ մարմիններին: Նույն այդ պահին, երբ նա փորձեց տեսախցիկն ուղղել ամբաստանյալների հարազատների ուղղությամբ, նստած տեղից ամբաստանյալ Գարիկ   Մարգարյանը  ձեռքն ուղղեց դեպի լրագրողը՝ «արա, լսի, է, հերիք ա կամերաները մեզ վրա պահեք, արյուններս խմաք», ասելով, սակայն նույն պահին նախագահողը սանկցիա կիրառեց նրա նկատմամբ՝ դուրս հանելով  դատական նիստերի դահլիճից: Դատական հաջորդ նիստը նշանակվեց գալիք երեքշաբթի, ժամը 12-ին:
 

Աղբյուրը՝ «Առավոտ» թերթ