«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ կատալոնական ակումբից:
30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թվականի ամառը և իսպանական ակումբի ղեկավարությունը դեռևս ոչ մի կերպ չի կարողանում համաձայնության գալ արգենտինացու հետ պայմանագրի երկարաձգման շուրջ:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Մեսսիին 89 մլն եվրո են առաջարկել, որպեսզի ֆուտբոլիստը ստորագրի պայմանագիրը: Այդուհանդերձ, Մեսսին շաբաթական կստանա 557 հազար եվրո:
«The Sun»-ը գրում է, որ անձամբ ֆուտբոլիստը կասկածում է` արդյոք պե՞տք է մնա: Իր ապագայի շուրջ Մեսսին սկսել է մտածել Նեյմարի` ՊՍԺ տեղափոխվելուց և Էռնեստո Վալվերդեի` գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո:
Կատալոնիայում տիրող քաղաքական իրավիճակը ևս Մեսսիին ստիպել է մտածել կարիերայի հաջորդ քայլը դիտարկելու մասին:
Արգենտինացուն ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին», որի ղեկավարները բազմիցս հանդիպել են արգենտինացու ներկայացուցիչների հետ: Մեսսին լրջորեն դիտարկում է Մանչեսթեր տեղափոխվելու տարբերակը, որին կարող է անվճար բաժին հասնել: