Երկրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է 20.10.2017թ.՝ ժամը 17։20-ի սահմաններում՝ գլխի ճակատային շրջանում։
Քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից ճակատի շրջանին կրակոց արձակելու հետեւանքով։ Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում ականատես վկաներ։ Զինծառայող Հ.Ավետիսյանը զինակիցների կողմից անմիջապես տեղափոխվել է Ստեփանակերտի զինհոսպիտալ, սակայն ճանապարհին մահացել է:
Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքից օրեր առաջ զինծառայողի հետ վիճաբանել եւ բռնություն է կիրառել նույն զորամասի մեկ այլ զինծառայող։
Ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային։
Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտել էր, որ հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը եւ 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են նաեւ պարտադիր ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
Զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է 20.10.2017թ.՝ ժամը 12:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, աջ ուսագոտու շրջանում։ Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զինծառայողն ստացած հրազենային վնասվածքից մահացել է:
Մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Խաչատրյանն սպանության զոհ է դարձել, պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտը։