«Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Հոկտեմբերի 30-ին կայանալիք բարեգործական համերգի նպատակն ու ասելիքը» թեմայով ասուլիս: Համերգի կազմակերպիչ Ռուբինա Գրիգորյանն ասաց.

«Մենք արդեն 2-րդ անգամ ենք կազմակերպում այս նախագիծը, առաջինը մեկ ու կես տարի առաջ ենք իրականացրել: Այս անգամ էլ համերգային գեղեցիկ ծրագիր ենք իրականացնելու` «Միշտ ժպտա ես քո ընկերն են» խորագրով:

Համերգի գլխավոր նպատակը հաշմանդամություն ունեցող երեխաներին ինչ-որ կերպ աջակցել կարողանալն է, և մենք կոչ ենք անում հասարակությանը

հաշմանդամությունն ընդունել որպես առանձնահատկություն միայն` այլ ոչ թե արատ»: Երգչուհի Լիդուշիկը, ով համերգի մասնակիցներից է, ասաց. «Ես առաջին անգամ 4 տարեկանում եմ մասնակցել նման միջոցառման, չնայած այդ տարիքում այնքան էլ չէի գիտակցում թե դա ինչ է, բայց այժմ ավելի լավ եմ հասկանում դրա կարևորությունն ու փորձում եմ օգտակար լինել և իմ երգերով ավելի բարձրացնել այդ երեխաների տրամադրությունը»:

 

Ռուբինա Գրիգորյանը նշեց նաև, որ այս բարեգործական համերգին միացել են շոու բիզնես ներկայացուցիչները` Նիկ Էգիբյանը, Սոնա Ռուբենյանը, Մերի Մնջոյանը, Ջուսը, Սոնա Սիլվերը և այլ հայտնի դեմքեր: Համերգին կլինեն ինչպես դուետներ այնպես էլ առանձին կատարումներ, իսկ անակնկալները համերգի ընթացքում անպակաս կլինեն: Այն հարցին թե ինչպես է ծնվել համերգը կազմակերպելու գաղափարը Ռուբինան նշեց, որ համերգի կազմակերպման գաղափարը ծնվել է 3 տարի առաջ. «Ես աջակցություն ունեի «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ի կազմակերպած մանկական միջոցառմանը, և ծանոթանալով երեխաների հետ հասկացա, որ իմ աշխատանքով ինքս էլ կարող եմ օգտակար լինել: Սպասելիքներս արդարացան և որոշեցինք այս տարի ևս կրկնել»: «Միշտ ժպտա ես քո ընկերն են» խորագրով համերգի ողջ հասույթը կկիսվի «Հայ մայրեր» և «Բարի մամա»հասարակական կազմակերպությունների միջև. երկուսն էլ ուղղված են բացառապես երեխաների կարիքները հոգալուն:

Հիշեցնե՛նք, որ համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ տոմսերը կարող եք ձեռք բերել տեղի տոմսարկղից: