Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ստամբուլաբնակ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերին, ում աշխատանքների ցուցահանդեսը երեկ բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում: Աշխարհահռչակ լուսանկարչի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը ներառում է աշխարհի տարբեր անկյուններում և տարբեր ժամանակներում արված ավելի քան 100 աշխատանք:
Արա Գյուլերը Հանրապետության Նախագահին պատմել է երևանյան ցուցահանդեսի մասին, կիսվել Հայաստան իր այցի տպավորություններով, խոսել նաև հետագա ծրագրերի մասին: Հանդիպման պատեհ առիթն օգտագործելով՝ Արա Գյուլերը համալրել է իր լուսանկարների հայտնի շարքը՝ անձամբ լուսանկարելով Նախագահ Սերժ Սարգսյանին: Հանդիպման ավարտին նա Նախագահին նվիրել է նաև իր աշխատանքներից մեկը: